Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    480

  • EUR

    513
    521

  • RUB

    7,42
    7,62

Կարևոր իրադարձություններ

«Չինական կողմը ակնկալում է, որ մեկ շաբաթվա ընթացքում դրությունը կբարելավվի». ՉԺՀ դեսպանը՝ կորոնավիրուսի մասին

01 Փետրվար, 2020 20:25
«Չինական կողմը ակնկալում է, որ մեկ շաբաթվա ընթացքում դրությունը կբարելավվի». ՉԺՀ դեսպանը՝ կորոնավիրուսի մասին

Փետրվարի 1-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունին:

Զրուցակիցները քննարկել են կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: Չինաստանի դեսպանը ներկայացրել է վիրուսի տարածման վերաբերյալ վերջին թվերը եւ ընդհանուր իրավիճակը՝ նշելով, որ չնայած այն բարդ է, սակայն վերահսկելի է ու կայուն: Չինական կողմը ակնկալում է, որ մեկ շաբաթվա ընթացքում դրությունը կբարելավվի: 

Թիան Էրլունը նշել է, որ հարցը գտնվում է Չինաստանի բարձրագույն ղեկավարության անմիջական վերահսկողության ներքո, առկա է առավելագույն համախմբվածություն կորոնավիրուսի դեմ պայքարում, ու պատկառելի մարդկային եւ նյութական միջոցներ են ուղղվել այս նպատակի համար: Երկիրը նաեւ ակտիվորեն համագործակցում է միջազգային գործընկերների հետ, եւ աշխատանքներ են տարվում պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել տրամադրված համապարփակ տեղեկատվության համար: Նա ներկայացրել է Հայաստանի կողմից կորոնավիրուսի ներթափանցման կանխարգելման ուղղությամբ կատարվող աշխատանքները եւ նշել, որ այս նպատակով իր գլխավորությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով:

Տիգրան Ավինյանն ասել է, որ շատ բարձր է գնահատում Չինաստանի կողմից իրականացված արդյունավետ քայլերը ու կարծիք հայտնել, որ իրավիճակը շուտով դեպի կարգավորում կգնա: Նա նաեւ կարեւորել է այս հարցում չինական կողմի օպերատիվությունը, թափանցիկությունը եւ միջազգային հանրության հետ համագործակցությամբ դրսեւորած ջանքերը:

Փոխվարչապետը հավելել է, որ Հայաստանը պատրաստ է հնարավոր միջոցներով աջակցություն ցուցաբերել բարեկամ Չինաստանին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին