Կարևոր իրադարձություններ

Երևանում գրպանահատության դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

01 Փետրվար, 2020 19:27
Երևանում գրպանահատության դեպքեր են բացահայտվել  (տեսանյութ)

Հունվարի 31-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների եւ տարածքային բաժինների ծառայողների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ գրպանահատության երեք դեպք բացահայտվեց:

Առաջին գողության վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացվել էր օպերատիվ կառավարման կենտրոնից` հունվարի 30-ին, ժամը 19-ի սահմաններում. Մաշտոցի պողոտայում մի աղջկա պայուսակից գողացել էին դրամապանակը, որի մեջ եղել էր փող, նույնականացման, զեղչի, բանկային ու կուտակային քարտեր:

Մյուս դեպքը, րոպեների տարբերությամբ, կատարվել էր Մաշտոցի պողոտայի եւ Պուշկինի փողոցի խաչմերուկում. 57-ամյա մի կնոջ պայուսակից գաղտնի հափշտակել էին բջջային հեռախոսը:

Բաժնի քրեական հետախույզները ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների հետ համատեղ միջոցառումներով տեղեկություններ ստացան, որ գողությունները հնարավոր է կատարած լինի Կապան քաղաքի 54-ամյա մի բնակիչ: Հունվարի 31-ին, ժամը 18.30-ի սահմաններում, կասկածվողը Մաշտոցի պողոտայից բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին եւ տվեց խոստովանական բացատրություն:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Երրորդ դեպքը հունվարի 31-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Արաբկիր վարչական շրջանում էր կատարվել. թիվ 47 երթուղու միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից դարձյալ դրամապանակ էին հափշտակել, որի մեջ եղել էր փող, զեղչի ու կուտակային քարտեր: Ժամը 16-ին մասնագիտացած ստորաբաժանման ծառայողները Կոմիտասի պողոտայից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին Դավիթաշենի 21-ամյա մի բնակչի:

Նա տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերվել է:

Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին