Կարևոր իրադարձություններ

28-ամյա երիտասարդը կալանավորվել է կեղծ թղթադրամներով գնումներ կատարելու պատճառով

29 Հունվար, 2020 18:00
28-ամյա երիտասարդը կալանավորվել է կեղծ թղթադրամներով գնումներ կատարելու պատճառով

Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի քրեական հետախույզներն ու պարեկայինները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ օրեր առաջ Վանաձորի բնակիչ, 28-ամյա մի երիտասարդ մթերային խանութներից մեկում, ինչպես և դեղատանը գնումներ է արել՝ վճարելով 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներով։ 

Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հետագա միջոցառումներով նոր տեղեկություններ են ձեռք բերվել, որ երիտասարդը մի անգամ էլ մեկ այլ խանութում փորձել է գնումների դիմաց կեղծ թղթադրամով վճարել։

Հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները խուզարկել են երիտասարդի բնակության հասցեն՝ հայտնաբերելով 20 հազար դրամ անվանական արժեքով 12 հատ կեղծ թղթադրամ։

28-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Բազումի բաժին, ներկայացվել տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել, ապա կալանավորվել՝ տեղափոխվելով քրեակատարողական հիմնարկ։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվել են։ Արդյունքում՝ նոր հանգամանքներ են ի հայտ եկել, որ 28-ամյա երիտասարդը կեղծ թղթադրամները ձեռք է բերել Վանաձորի բնակիչ մի պատանուց։

Հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահները խուզարկել են նաև անչափահասի բնակարանը՝ հայտնաբերելով 20 և 10 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ, համակարգիչ ու գունավոր տպիչ, որոնք առգրավվել են հետագա գործողությունների համար։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին