Կարևոր իրադարձություններ

Կասկածից վեր է, որ ուլտրահեղափոխական այս ծրագիրը Սեֆիլյանի թիմը ներկայացնում է իշխանության, ավելի ստույգ՝ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ. Սուրեն Սուրենյանց

29 Հունվար, 2020 11:42
Հեղինակ՝ Սուրեն Սուրենյանց
Կասկածից վեր է, որ ուլտրահեղափոխական այս ծրագիրը Սեֆիլյանի թիմը ներկայացնում է իշխանության, ավելի ստույգ՝ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Նիկոլ Փաշինյանի «ծռերը»

Երկու օր առաջ «Սասնա ծռերի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը «կառուցողական» դիրքերից առաջարկություններ էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանին՝ «ավարտին հասցնել հեղափոխությունը» «գայթակղիչ» կարգախոսով։ «Անհրաժեշտ է, որ գործող իշխանությունը և հեղափոխական ուժերը միանան և կազմեն ազգային համաձայնության (հակաճգնաժամային) կառավարություն: Անցումային (հակաճգնաժամային) կառավարությունը պետք է մշակի ճգնաժամը հաղթահարելու Անցումային ծրագիր և իրագործի այն»,- գրում է Ժիրայր Սեֆիլյանը՝ ըստ էության, առաջարկելով սրբագրել խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքները, ձևավորել «հեղափոխական խունտա», իրականացնել «Հայկական Նյուրնբերգ», անցկացնել արտահերթ ընտրություններ։
Կասկածից վեր է, որ ուլտրահեղափոխական այս ծրագիրը Սեֆիլյանի թիմը ներկայացնում է իշխանության, ավելի ստույգ՝ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ ու «դաբրոյով»։ Խնդիրն այն չէ, որ Փաշինյանը մտադիր է իշխանությունը կիսել «ծռերի» հետ, մանավանդ՝ թերևս, հիշում է, որ ՊՊԾ գնդի գրավման թեժ օրերին Սեժիլյանի կողմնակիցներն իրեն ուզում էին «աղբարկղն ուղարկել»։
«Ծռերը» մի գործոն են, որը Փաշինյանը մտադիր է օգտագործել մի քանի հարթության վրա։
Փաշինյանի կառավարությունը վստահության պաշար չունի աշխարհաքաղաքական կենտրոններում և հիմա անհրաժեշտ է տարբեր մայրաքաղաքների վախեցնել՝ ներկայացնելով, որ գործող իշխանության այլընտրանքը կամ նախկին կոռումպացվածներն են, կամ էլ՝ Ժիրոյի «վրիժառուները»։ Դե, այս դեպքում՝ Նիկոլի թիմը «չարյաց փոքրագույնի» մեջ տեղավորվում է։
Մեր հասարակությանը հների թեման հոգնեցրել է, որովհետև բոլոր խելամիտ մարդիկ գիտեն, որ հակահեղափոխական ռևանշ գոյություն չունի, և Ռոբերտ Քոչարյանը կամ ՀՀԿ-ն իշխանության վերադառնալու անգամ տեսական շանսեր չունեն։ «Ծռերի» դեմքով նոր «բոբո» է ստեղծվում, որպեսզի հասարակությունը ապրի «ահաբեկչության մղձավանջի» վախով՝ աչք փակելով գործող իշխանության ձախողումների վրա, միայն թե՝ մաուզերիստներն իշխանության չգան։
Բայց այս պատմության մեջ մի վտանգավոր ենթաշերտ կա։ Դա այն է, որ իշխանությունը ձեռքի հետ էլ «ծռերով» վախեցնում է ընդդիմությանը, որոնց դեմ էլ, ըստ անհրաժեշտության, կարող է օգտագործվել Ժիրոյի թիմի մահակը։
Միանգամից նկատենք, որ չափազանց պրիմիտիվ հնարք է։
Նախ՝ «ծռերը» մարգինալ, կառլիկսյին քաղաքական ուժ են՝ առանց կենսագրության ու «արյունոտ» մի դրվագով, երբ բարիկադը հայ-ադրբեջանական սահմանից տեղափոխվեց Երևանի Խորենացու փողոց։ Հասարակությունը նրանց գնահատականը վերջին ընտրություններում տվել է՝ 2 տոկոս ու զրո շանս։
Ի դեպ, Փաշինյանը չպետք է լսի այն խորհրդատուներին, որոնք նրան հրամցնում են «ծռերի» մենյուն։ Ուկրաինական վերջին հեղափոխության արդյունքում նախագահ դարձած Պորոշենկոն այս պրիմիտիվ հնարքն արդեն կիրառել է։ Նա փորձում էր Յանուկովիչի կերպարով ու յուրային ռադիկալներով(ուկրաինական «ծռերով») «վախեցնել» սեփական հասարակությանն ու աշխարհին՝ մնալով «միակն ու անփոխարինելին»։ Ուկրաինացիք ու աշխարհը չհավատացին Պորոշենկոյի «արցունքներին», ինչի արդյունքը եղավ Զելենսկու շռնդալից հաղթանակը։
Հայաստանի հասարակությունն ու միջազգային հանրությունը չեն հավատալու նախկինների ու «ծռերի» միֆին ու հաստատ «անփոխարինելի» չեն համարելու այն իշխանությանը, որն ամեն օր ձախողվում է։ Քոչարյանն ու հանրապետականներն իշխանության չեն վերադառնալու, «ծռերի» «Հայկական Նյուրնբերգ»-ն էլ չի լինելու։ Մեր հասրակությունը գիտի երրորդ բևեռի տեղը, որը ոչ «սև» է, ոչ՝ «սպիտակ» ու «մաուզերիստ»։ Ուշադիր նայեք սոցիոլագիական հարցումները ու կտեսնեք՝ ում վարկանիշն է բարձրանում հեղափոխության թիմի քաղաքական ֆիասկոյի համատեքստում։ Նիկոլ Փաշինյանի թիմը նոր «սարսափ կինո» պետք է մոգոնի՝ թեև դրա էֆեկտը նույնպես զրոյական է լինելու»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին