Կարևոր իրադարձություններ

«Անհնար է հայ զինվորին հաղթելը»

28 Հունվար, 2020 09:34
«Անհնար է հայ զինվորին հաղթելը»

ԵԿՄ վարչությունը շնորհավորական ուղերձ է հղել հայոց բանակի 28-ամյակի առթիվ:

Շնորհավորանքում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ.

Ազգային բանակ ունենալը դարեր ի վեր եղել է մեր ժողովրդի երազանքը, և ահա քսաներորդ դարավերջին մեր նորանկախ պետության առջև ծառացած բազում և դժվարին մարտահրավերները՝ փլուզված կայսրությունը, կազմալուծված տնտեսությունը, տակավին փլատակների մեջ գտնվող աղետի գոտին և, ի վերջո, աստիճանաբար լայնամասշտաբ պատերազմի վերածվող արցախյան գոյամարտը, օրվա հրամայական դարձրեցին հայոց ազգային բանակ կազմավորելու խնդիրը: 1992 թվականի հունվարի 28-ին կամավորականության հիմքի վրա, համայն հայության ապրելու և մեզ պարտադրված պատերազմում հաղթելու միասնական ու անկոտրում կամքի շնորհիվ ծնվեց Հայոց Բանակը և ի փառս մեր ժողովրդի՝ կայացավ ու շատ կարճ ժամանակում դառնալով տարածաշրջանի ամենամարտունակ բանակը՝ կարողացավ ոչ միայն անառիկ պահել մեր երկրի սահմանները, այլ նաև ազատագրել Արցախը: Հազարավոր նվիրյալներ, որոնք մեր ազգի սերուցքն էին, իրենց կյանքը զոհաբերեցին հանուն այդ Հաղթանակի: Հավերժ փառք մեր բոլոր նահատակներին…

Աշխարհով սփռված սիրելի՛ հայրենակիցներ.
Այսօր Հայոց Բանակը օրեցօր վերազինվում ու արդիականանում է, տեղի է ունենում նաև սերնդափոխություն, և ապրիլյան քառօրյա պատերազմում նոր սերունդը հերոսականության մի նոր փառահեղ էջ ավելացրեց մեր հաղթանակների պատմությանը և ապացուցեց, որ անհնար է հայ զինվորին հաղթելը:

Սիրելի՛ հայրենակիցներ.
Երկրապահ Կամավորականների Միությունը, լինելով բանակաշինության ակունքներից սերված կազմակերպություն, մշտապես եղել և մնալու է Հայոց Բանակի կողքին և իր ավանդն է բերելու մեր երկրի պաշտպանունակության բարձրացմանն ու մեր բանակի հզորացմանը: Տոնական այս օրը Երկրապահ Կամավորականների Միությունը Վարչության գլխավորությամբ շնորհավորում է Հայոց Բանակի բոլոր զինվորներին՝ շարքայինից մինչև գեներալ, նրանց ընտանիքների անդամներին, բոլոր ազատամարտիկներին և նրանց ընտանիքների անդամներին, զոհված զինծառայողների և ազատամարտիկների ընտանիքներին և ողջ հայ ժողովրդին այս հիրավի ժողովրդական տոնի՝ Հայոց Բանակի կազմավորման 28-ամյակի առթիվ և մաղթում է զինվորներին խաղաղ ու ստեղծագործ ծառայություն, նրանց ընտանիքներին՝ խաղաղություն և համբերություն, իսկ մեր ժողովրդին՝ բարօրություն և ուրախ, տոնական տրամադրություն:
Փա՛ռք ու պատիվ Հայոց հաղթանակած Բանակին»։

 

Լրահոս

Դիտել ավելին