Կարևոր իրադարձություններ

Մեր բանակը մեր հպարտությունն է․ Արմեն Գրիգորյան

28 Հունվար, 2020 09:06
Հեղինակ՝ Արմեն Գրիգորյան
Մեր բանակը մեր հպարտությունն է․ Արմեն Գրիգորյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Հայոց բանակի կազմավորման տոնի առթիվ:

«Այսօր մենք տոնում ենք մեր հերոսական բանակի պատմությունը, որը կերտվել է հայ ժողովրդի միասնական ջանքերի շնորհիվ։ Հայոց բանակը մեր միասնական հայրենիքի, ազգային շահերի և արժեքների պահապանն է։

Փառք ու պատիվ նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհել Հայրենիքի պաշտպանության սուրբ գործում։

«Բանակը Զինվորն է: Զինվորը նաև քաղաքացի է: Իրականում, քաղաքացիության բարձրագույն պարտքն ու արտոնությունն է երկրի համար զենք կրելը»: Գեներալ Պատոնի այս խոսքերը արդիական են հայ զինվորի, հայոց բանակի համար։

Այո՛, մենք բոլորս պարտական ենք Մայր Հայրենիքին, բոլորս էլ կրում ենք մեր պատասխանատվությունը: Բայց եթե այդ պատասխանատվությունը մեր բոլորիս ծառայության մի մասն է, ապա զինվորականի համար այն կյանքի իմաստն է:

Մեր պետության պատմության ամբողջ ընթացքը անբաժանելիորեն կապված է բանակի հետ։ Այս ուժեղ միության շնորհիվ է, որ ամենադժվար պահերին Հայաստանը պաշտպանել է իր անկախությունը, արժանապատվությունը ու ժողովրդավարությունը:

Մեր հայրենքի հանդեպ հայոց փառահեղ բանակի Զինվորների անձնազոհ սիրո, քաջության, հերոսության, հմտությունների և դրանց կատարելագործման շնորհիվ է, որ կարողացել ենք հաղթել և կայացնել պատասխանատու որոշումներ, որոնցով պայմանավորված են եղել մեր երկրի խաղաղությունը և Հայրենիքի ճակատագիրը:

Մեր քաղաքական թիմը հանձնառու է շարունակականորեն զարգացնելու տնտեսությունը, ինչը հնարավորություն կտա լայնածավալ ներդրումներ կատարելու զինվորականների բարեկեցության, սոցիալական պայմանների բարելավման և ժամանակակից սպառազինության ձեռքբերման հարցում։ 2019 թվականին բոլոր այդ ուղղություններով աննախադեպ հաջողություններ ենք ունեցել՝ հաստատակամորեն շարունակելով պաշտպանական ոլորտի բարեփոխումները։

Մեր բանակը մեր հպարտությունն է: Հայ սպան և զինվորը ոչ միայն մեր հայրենիքի սահմաններն են պաշտպանում, այլև անձնազոհ ծառայություն են մատուցում միջազգային խաղաղապահական օպերացիաներում՝ծառայելով ամբողջ մարդկությանը: Հայոց բանակի ներդրումը անթիվ ու անգին է:

Փա՜ռք մեր Բանակին, փա՜ռք մեր Զինվորներին»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին