Կարևոր իրադարձություններ

Բանակի օրվա առիթով Սուրբ պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռում

26 Հունվար, 2020 20:37
Հեղինակ՝ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ
Բանակի օրվա առիթով Սուրբ պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռում

Հունվարի 26-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արմավիրի թեմի Ս. Աստվածածին եկեղեցում (ք. Էջմիածին) Հայոց բանակի օրվա կապակցությամբ մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդության գնդերեցներ:
Վերջում շնորհավորելով ներկաներին Հայոց բանակի կազմավորման 28 տարեդարձի կապակցությամբ՝ Վրթանես Սրբազանը մաղթեց, որ Տերն իր օրհնությունների մեջ պահի-պահպանի Հայոց բանակը՝ հայ ժողովրդի անկախ պետության հարատևության գրավականը, և յուրաքանչյուր զինվորականի՝ որպես այդ կուռ կառույցի անփոխարինելի մաս՝ ամենախոնարհ աստիճանից մինչև ամենաբարձրը, առաջնորդի անսասան հավատով և Տիրոջ կամքը գործադրելու ձգտումով:

Ս. Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք:

Այնուհետև Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում կատարվեց պարգևաբաշխություն: Ի գնահատություն Հայրենիքին մատուցած ծառայությունների, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջ ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոսի միջնորդությանը, Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի արժանացրեց մի շարք բարձրաստիճան զինվորականների:

Նորին Սրբությունը «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան հանձնեց ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանին, ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ գեներալ-մայոր Վալերի Քոչարյանին, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ գնդապետ Արթուր Բաղդասարյանին, ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական գնդապետ Աշոտ Բալասանյանին և ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդության բարերար տիար Արամ Ֆրանկյանին:

Ընդունելության ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով զինծառայողների հոգևոր և հայրենասիրական դաստիարակության գործում զգալի ավանդի համար մի շարք եկեղեցականներ և մեկ աշխարհական արժանացան նախարարության պարգևների:

«Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվեցին ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Սան Ֆրանցիսկոյի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Մեսրոպ քահանա Աշը և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության «Զինվորի Աստվածաշունչը» ծրագրի պատասխանատու տիար Մովսես Գաբուջյանը: «Գարեգին Նժդեհ» մեդալ հանձնվեց գնդերեցներ բարեշնորհ Մանավազդ սարկավագ Մկրտչյանին, Նարեկ սարկավագ Թորգոմյանին և Հարություն սարկավագ Մարտիրոսյանին:

 

 

 
 
 

 

Լրահոս

Դիտել ավելին