Արսեն Խառատյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երբ թելադրողը մենք ենք
Այսպիսով, կրկին անգամ վերահաստատվում է այն իրողությունը, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունն ու դրա արդյունքում ձեւավորված լեգիտիմ իշխանությունը, արցախյան կարգավորման հարցում որեւէ կաշկանդվածություն չունի: Նոր կառավարությունը` նախկինի բանակցային պարտավորություններն իրականացնելու, կամ` իշխանության գալու համար ներքին պայմանավորվածություններ չունի ո՛չ առանձին արտաքին խաղացողների, ո՛չ էլ միջազգային կառույցների հետ: Ինչո՞ւ, որովհետեւ իր մանդատը ստացել է ոչ թե Բրյուսելից, Մոսկվայից կամ Վաշինգտոնից, այլեւ իր ժողովրդից:
Սա բացառիկ իրավիճակ է մեր նորագույն` առնվազն քառորդդարյա պատմության ընթացքում, երբ ավելի քան ակնհայտ է, որ բանակցային դիրքերի, ժողովրդավարության ու բարոյահոգեբանական առումով մենք անհամեմատ ամուր դիրքեր ունենք: Վարչապետ Փաշինյանի` Կապանում արված հայտարարությունը հետհեղափոխական շրջանում ընդդիմություն դարձած նախկինների մեղադրանքներն առավել քան անհեթեթ են դարձնում:
Մեծ հույս ունեմ, որ հող հանձնողի, կամ գաղտնի պայմանավորվածությունների մասին միֆական պնդումներ անողներին տրված պատասխանը սպառիչ է: Ավելին, եթե նրանց` Արցախի հարցում ջանքերը համատեղելու բազմիցս հնչած հայտարարություններն իրական են, ապա առաջիկայում առնվազն զերծ կմնան սպեկուլյատիվ բնույթի կեղծ մեղադրանքներից: Ընդ որում, սա առավելապես ձեր շահերից է բխում, քանի որ ամեն նոր փուլում հանրությանն էլ ավելի հասանելի է դառնալու, թե ներքին լեգիտիմություն չունենալով իշխանություն պահելու համար փոխզիջումների ինչպիսի սահմաններ եք պատրաստ եղել հատել։
Աներկբա է, որ արցախյան կարգավորման գործընթացը թեւակոխել է աննախադեպ նոր փուլ` քանդելով անցյալի միֆերն ու թելադրող դարձնելով հայկական կողմերին:
Կողմնորոշվեք սիրելիներ, դուք ո՞ւմ կողմից եք...»