«Փաստ» օրաթերթը գրում է.
«Երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը, որով նախատեսվում է աշխատող ուսանողների ուսման վարձի փոխհատուցում:
Շատերի կարծիքով, սա իսկապես դրական նախաձեռնություն է, ինչն առաջացրել է նաև աշխատող ուսանողների ոգևորությունը:
Սակայն, ինչպես և երևում է նախագծից, փոփոխությունը մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող բոլոր ուսանողներին չի վերաբերելու:
Օրենքն ամբողջությամբ ընդունելուց հետո կառավարությունը կհաստատի համապատասխան մասնագիտությունների ցանկը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այդ ցանկն առանձնապես մեծ չի լինելու:
Մեր աղբյուրի պնդմամբ, նախնական դիրքորոշումն այնպիսին է, որ առավելություն տրվի տեխնիկական, հատկապես բարձր տեխնոլոգիական մասնագիտություններին:
Ըստ նույն տեղեկությունների, իշխանությունները ցանկանում են այսպիսով իրականացնել «պիլոտային» ծրագիր, որի արդյունքների հիման վրա էլ հետագայում կկայացվի որոշում՝ մասնագիտությունների ցանկն ընդլայնել, թե ոչ»,-գրում է թերթը: