Կարևոր իրադարձություններ

Պոլսո հայոց պատրիարքարանը հայտարարել է, որ «Սանասարյան հան» շենքի համար հայտարարված մրցույթը անօրինական է

24 Հունվար, 2020 23:22
Պոլսո հայոց պատրիարքարանը հայտարարել է, որ «Սանասարյան հան» շենքի համար հայտարարված մրցույթը անօրինական է

Թուրքիայի կառավարությանը կից Հիմնադրամների գլխավոր վարչությունը Ստամբուլում գտնվող հայկական Սանասարյան տուն (Sanasaryan Han) անշարժ գույքի համար 35 տարով վարձակալության մրցույթ էր կազմակերպել: Այս մասին տեղեկացնում է bianet.org կայքը:

Պոլսո հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել ժամանակին հայ համայնքին պատկանող, հետագայում բռնագրավված շինության վերաբերյալ: Ներկայումս շինության սեփականության իրավունքը վիճարկվում է Թուրքիայի սահմանադրական դատարանում:

Պատրիարքարանը հայտարարության մեջ նշել է, որ դատական գործընթացի ավարտից առաջ Հիմնադրամների գլխավոր վարչության կողմից հայտարարված մրցույթը հակաօրինական է:

Հիշեցնենք, որ «Սանասարյանի հանը»  կառուցվել է Ստամբուլում 1881թ. Էրզրումցի հայ վաճառական և բարերար Մկրտիչ Սանսարյանի կողմից: Շենքը նպատակ է ունեցել Էրզրումում բացված նույնանուն դպրոցի համար եկամուտ ապահովել:

Շենքի կառավարման իրավունքը հանձնվել է Սանասարյան հիմնադրամին, իսկ հիմնադրամի ղեկավարումը` Պոլսո հայոց պատրիարքին:Հանրապետական Թուրքիայի կողմից շենքի բռնազավթումից հետո 1930-ականների երկրորդ կեսին այն օգտագործվել է որպես Ստամբուլի ոստիկանության շենք, այնուհետև այստեղ է կենտրոնացել տնտեսական դատարանը:

2018թ. Ստամբուլի Սիրքեջի շրջանում գտնվող «Սանասարյան հանը» հայ համայնքին վերադարձնելու վերաբերյալ դատական որոշում էր կայացվել:

Դատական գործի առաջին փուլում Ստամբուլի թիվ 13 հիմնական դատարանը մերժել էր հայ համայնքին, ինչից հետո պատրիարքարանը դիմել էր վճռաբեկ դատարան ու շահել դատական գործը:

Հիմնադրամների գլխավոր վարչության պահանջով, սակայն, դատական որոշումը բեկանվել էր և կրկին այն պատկանում էր Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին