Կարևոր իրադարձություններ

2019 թվականին ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից արձանագրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության 142 դեպք

24 Հունվար, 2020 21:40
2019 թվականին ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից արձանագրվել  է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության 142 դեպք

2019 թվականին ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից արձանագրվել  է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության 142 դեպք: Հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել 11 կգ ափիոն, 8,2 կգ մեթամֆետամին, շուրջ 3կգ կետամին, 1,3 կգ մարիխուանա և հաշիշ, հաշիշի յուղի պարունակությամբ  էլեկտրոնային 74 սիգարետ և մուշտուկ, թմրամիջոց և հոգեմետ նյութ պարունակող 16.500 դեղահաբ և դեղապատիճ:  2018 թվականի համեմատ մոտ 2,5 անգամ ավելացել է առգրավված մեթամֆետամինի, 8 անգամ՝  մեթադոնի,  12 անգամ՝ հաշիշի ու մարիխուանայի և  17 անգամ՝ բուպրենորֆինի քանակը:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2019 թվականին կանխել է թմրամիջոցների տարանցիկ տեղափոխման 6 փորձ: 

Հայկական շուկայի համար նախատեսված թմրամիջոցները և հոգեմետ նյութերը բացահայտվել են հիմնականում միջազգային փոստային և սուրհանդակային առաքումների, ինչպես նաև Իրանից՝ «Ագարակ» պետական սահմանի անցման կետով ներմուծումների ժամանակ:  Եթե 2016-2018 թվականներին հայտնաբերվել է հայկական շուկայի համար նախատեսված մեթամֆետամինի` Իրանից ներմուծման ընդամենը 1 դեպք, ապա միայն 2019 թվականին հայտնաբերվել է նման 10 դեպք: Վիճակագրությունը ներկայացվել է այսօր՝ լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ:

2019 թվականի վիճակագրությունը փաստում է, որ մաքսային ծառայության կողմից հայտնաբերված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի դեպքերի գրեթե կեսը փոստային առաքումներով ներմուծված դեղամիջոցներ են, որոնց մեջ բավականին մեծ թիվ են կազմում ոչ հանցավոր նպատակներով դեղերի տեղափոխումը:  Ըստ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանի, օրենսդրությամբ չի թույլատրվում միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով ֆիզիկական անձանց կողմից դեղերի տեղափոխումը, իսկ այդ դեղերի պարունակության մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի հայտնաբերման դեպքում սկսվում է քրեական վարույթ: Նման իրավիճակներից խուսափելու համար ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորդորել է զերծ մնալ փոստային առաքումների միջոցով ցանկացած տեսակի դեղամիջոցներ ուղարկելուց կամ ստանալուց:

 

 

Լրահոս

Դիտել ավելին