Կարևոր իրադարձություններ

22 տոկոսով ավելացել են մաքսային իրավախախտումների բացահայտման դեպքերը

24 Հունվար, 2020 13:52
22 տոկոսով ավելացել են մաքսային իրավախախտումների բացահայտման դեպքերը

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից 2019 թվականի ընթացքում արձանագրվել է մաքսային իրավախախտումների 202 դեպք, ինչը 2018 թվականի համեմատությամբ ավելի է 22%-ով (165 իրավախախտում 2018 թվականին): Ընդ որում, 146-ը մաքսանենգության դեպքեր են, որոնցով հարուցվել են քրեական գործեր: Իսկ 56 դեպքով սկսվել է վարչական վարույթ: Մաքսային իրավախախտումներից գերակշռում են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքերը (142 դեպք կամ ընդհանուր խախտումների 70%-ը): 2019 թվականի ընթացքում հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել 11 կգ ափիոն, 8,2 կգ մեթամֆետամին, շուրջ 3կգ կետամին, 1,3 կգ մարիխուանա և հաշիշ, հաշիշի յուղի պարունակությամբ  էլեկտրոնային 74 սիգարետ և մուշտուկ, թմրամիջոց և հոգեմետ նյութ պարունակող 16.500 դեղահաբ և դեղապատիճ: 2018 թվականի համեմատ մոտ 2,5 անգամ ավելացել է առգրավված մեթամֆետամինի, 8 անգամ՝  մեթադոնի,  12 անգամ՝ հաշիշի ու մարիխուանայի և  17 անգամ՝ բուպրենորֆինի քանակը:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2019 թվականին հայտնաբերել է թմրամիջոցների տարանցիկ տեղափոխման 6 դեպք: Մասնավորապես՝, կանխվել է.

  1. Հայաստանի տարածքով Իրանից Կանադա սուրհանդակային առաքման միջոցով գրեթե 5 կգ քաշով «ափիոն» տեսակի թմրանյութի տարանցիկ փոխադրման փորձը: Մաքսանենգներն օգտագործել են թմրանյութը թաքցնելու բավականին հետաքրքիր եղանակ. ափիոնը ներծծված էր պարսկական ազգային հագուստների ներքին հատվածում առկա թաղիքների մեջ: Ընդ որում, ափիոնի հետ մաքսանենգները խառնել էին նաև որոշակի քանակի սուրճ, որպեսզի էլ ավելի դժվարացնեին հատուկ վարժեցված ծառայողական շների կողմից թմրանյութի հայտնաբերումը: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են Իրանի 2 քաղաքացիներ: Հատկանշական է, որ նրանց ձերբակալումից հետո տեղեկություններ են ստացվել, որ  Հայաստանից ևս մեկ ծանրոց արդեն իսկ ուղարկվել էր, սակայն այս անգամ՝ Մեծ Բրիտանիա: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինների համագործակցության արդյունքում Լոնդոնի օդանավակայանում հայտնաբերվել է թմրանյութով ներծծված հագուստների պարունակությամբ ծանրոցը, այնուհետև իրավապահների կողմից ձերբակալվել են նաև դրա ստացողները:
  2. Բացահայտվել է Իրանից Կանադա 5կգ ափիոնի տեղափոխման երկու այլ դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրում և «Ագարակ» պետական սահմանի անցման կետում: Թմրանյութը թաքցված էր մետաղական դետալների մեջ:
  3. 2019 թվականի ընթացքում բացահայտվել է նաև Հայաստանի Հանրապետության տարածքով 7,7 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի տարանցիկ փոխադրման 2 դեպք՝ «Ագարակ» պետական սահմանի անցման կետում: Մեկ դեպքով՝ Իրանի քաղաքացիներ հանդիսացող ամուսինների ճամպրուկում հայտնաբերվել է 2,7 կգ մեթամֆետամին՝ պինդ վիճակում: Թմրանյութը մաքսային հսկողությունից թաքցվել էր ճամպրուկի ստորին մասի տեսք տալու միջոցով: 2-րդ դեպքով՝ շուրջ 5կգ քաշով մեթամֆետամինը նույնպես հայտնաբերվել է Իրանի քաղաքացու ճամպրուկում՝ կառուցվածքի պատերի մեջ:
  4. Մեկ այլ դեպքով էլ իրանցի կնոջ ճամպրուկի կրկնակի հատակին հայտնաբերվել է «կետամին» տեսակի հոգեմետ նյութի մոտ 3կգ խմբաքանակ: Սա Հայաստանում առաջին դեպքն էր, որ հայտնաբերվել է «կետամին» տեսակի հոգեմետ նյութի այսպիսի խմբաքանակ:
    Այս դեպքերով թմրանյութերի վերջնական ստացման վայրը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներն էին: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության ուշադրության կենտրոնում է նաև աֆղանական հերոինի` Իրանից Եվրոպա փոխադրման այսպես կոչված «կովկասյան երթուղին»: Այս երթուղով Հայաստանի տարածքով հերոինի փոխադրման կանխման ուղղությամբ մշտապես աշխատանքներ են տարվում՝ Վրաստանի իրավապահ մարմինների և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության տարածաշրջանային գրասենյակի հետ համագործակցությամբ:

Իսկ հայկական շուկայի համար նախատեսված թմրամիջոցները և հոգեմետ նյութերը բացահայտվել են հիմնականում միջազգային փոստային և սուրհանդակային առաքումների, ինչպես նաև Իրանից՝ «Ագարակ» պետական սահմանի անցման կետով ներմուծումների ժամանակ:

  1. Փոստային առաքումների միջոցով Հայաստան տեղափոխված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի 85 դեպք է բացահայտվել (թմրամիջոցների դեպքերի 60%-ը ), որից 52-ն՝ ԱՄՆ-ից, 20-ը՝ Ֆրանսիայից, իսկ 13-ը՝ Գերմանիայից, Իսպանիայից, Ավստրիայից, Իսրայելից և Լեհաստանից: Դեպքերից մեկով՝ ԱՄՆ-ից ներմուծված ծանրոցում հայտնաբերվել են նաև ՄԴՄԱ տեսակի թմրանյութ պարունակող 148 հատ դեղահաբեր, որոնք հանրությանը հայտնի են «Էքսթզի» անվանումով: Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է ծանրոցի իրական հասցեատերը:
  2. 2019 թվականի ընթացքում բացահայտվել է Իրանից Հայաստան թմրամիջոցների ներմուծման 35 դեպք` բոլորը «Ագարակ» պետական սահմանի անցման կետում (թմրամիջոցների դեպքերի 25 %-ը): Հիմնականում ներմուծվել են ափիոն, մեթամֆետամին,  հաշիշ, հերոին, մեթադոն, տրամադոլ։ Ի դեպ, 35 դեպքից 20 դեպքում թմրանյութ փոխադրողներն Իրանի քաղաքացիներ են եղել, իսկ 15 դեպքում` Հայաստանի: Հատկանշական է Իրանի քաղաքացու ուղեբեռում ավելի քան 1կգ ընդհանուր քաշով տարատեսակ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի հայտնաբերումը, որոնք նախատեսված էին երևանյան գիշերային ակումբներից մեկում վաճառքի համար:Համեմատության համար նշենք, որ եթե 2016-2018 թվականներին մաքսային ծառայության կողմից հայտնաբերվել է հայկական շուկայի համար նախատեսված մեթամֆետամինի` Իրանից ներմուծման ընդամենը 1 դեպք, ապա միայն 2019 թվականին հայտնաբերվել է նման 10 դեպք, ինչը վկայում է մաքսային մարմինների ավելի արդյունավետ աշխատանքի, այդ թվում` Ոստիկանության և ԱԱԾ-ի հետ սերտ համագործակցության  մասին։
  3. 2019 թվականին թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության 8 դեպք էլ բացահայտվել է «Զվարթնոց» օդանավակայանում:
  4. Մեկ այլ դեպքով էլ՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ համագործակցության արդյունքում 2019 թվականի դեկտեմբերին «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետում հայտնաբերվել է «սուբուտեքս» տեսակի 516 հատ դեղահաբ՝ խառնված կոնֆետների հետ, որոնք եղել են Ռուսաստանից ժամանած մարդատար տրանսպորտային միջոցում:

2019 թվականին վարչությունը բացահայտել է հրազենի, ռազմամթերքի, ինչպես նաև  կանխիկ դրամական միջոցների մաքսանենգության դեպքեր: Մասնավորապես` ԱՄՆ-ից ներմուծված տրանսպորտային միջոցի բեռնախցիկում հայտնաբերվել է մեկ ակոսափող հրացան 5 փամփուշտներով, ԱՄՆ-ից ներմուծված ծանրոցում ռազմամթերք հանդիսացող 20  փամփուշտ, իսկ Արաբական Միացյալ  Էմիրություններից Հայաստան ժամանած քաղաքացու մոտ հայտնաբերվել է չհայտարարագրված՝ 100.000 ԱՄՆ դոլար կանխիկ գումար: Հայտնաբերվել են նաև մաքսային հսկողությունից թաքցնելու, չհայտարարագրման կամ ոչ ճշգրիտ տեղեկությունների հայտարարագրման եղանակով հանրապետություն ապօրինի ներմուծված շուրջ 574  բջջային հեռախոս, ավելի քան 5կգ ոսկյա և արծաթյա զարդեր, շուրջ 60կգ թմրանյութ և հոգեմետ նյութ չպարունակող դեղամիջոցներ, սննդամթերք, հագուստ, ավտոմեքենայի պահեստամասեր և այլ ապրանքներ: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից սկսվել է 56 վարչական վարույթ: 2019 թվականի ընթացքում Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հայտնաբերվել է մաքսային հսկողության տակ գտնվող տրանսպորտային միջոցներն այլ անձի հանձնելու 4 դեպք:

2019 թվականի վիճակագրությունը փաստում է, որ մաքսային ծառայության կողմից հայտնաբերված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի դեպքերի գրեթե կեսը փոստային առաքումներով ներմուծված դեղամիջոցներ են, որոնց մեջ բավականին մեծ թիվ են կազմում ոչ հանցավոր նպատակներով դեղերի տեղափոխումը: Սակայն ինչպես բազմիցս նշվել է զանգվածային լրատվության միջոցներով, օրենսդրությամբ չի թույլատրվում միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով ֆիզիկական անձանց կողմից դեղերի տեղափոխումը, իսկ այդ դեղերի պարունակության մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի հայտնաբերման դեպքում սկսվում է քրեական վարույթ: Նման իրավիճակներից խուսափելու համար ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին` զերծ մնալ փոստային առաքումների միջոցով ցանկացած տեսակի դեղամիջոցներ ուղարկելուց կամ ստանալուց: ՀՀ պետական սահմանով թմրամիջոցների ապօրինի տեղափոխմանն արդյունավետ հակազդելու գործում առանցքային տեղ է զբաղեցնում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնը:

2019 թվականի ընթացքում կենտրոնի շնավարժ-կինոլոգներն իրենց կցված հատուկ մասնագիտացված ծառայողական շների հետ միասին 20 դեպքով հայտնաբերել են առանձնապես խոշոր չափի թմրամիջոցներ, այդ թվում` հերոին, ափիոն, մեթամֆետամին, մարիխուանա, հաշիշ և բուպրենորֆին տեսակի: Այս ցուցանիշը աննախադեպ է շնագիտական կենտրոնի հայտնաբերումների պատմության մեջ։ Օրինակ՝ 2018 թվականի համեմատ՝ նախորդ տարի Շնագիտական կենտրոնի բացահայտումների աճը կազմել է 216% (2018 թվականին հայտնաբերվել է 6 դեպք): Հատկանշական է, որ ՊԵԿ Շնագիտական կենտրոնի և Ոստիկանության
համագործակցության շրջանակում Երևանում իրականացված մի քանի ավտոտնակների խուզարկության ժամանակ հայտնաբերվել է սնդիկ: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության նախաձեռնությամբ 2019 թվականին Շնագիտական բաժնի աշխատակիցները մշտապես հերթապահություն են իրականացնում «Ագարակ» պետական սահմանի անցման կետում: Ի դեպ, ամռանը Մոսկվայում տեղի ունեցած մասնագիտացված ծառայողական շների միջև բազմամարտի մրցումներին մեր ծառայողական շունը գրավել է 2-րդ հորիզոնականը։

2019 թվականին ակտիվ է եղել իրավապահ մարմինների և միջազգային կառույցների հետ համագործակցությունը: Մասնավորապես՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության հետ սերտ գործակցության արդյունքում 2020 թվականին նախատեսվում է ստորագրել համագործակցության հուշագիր: Կոմիտեի նախաձեռնությամբ Հայաստանում 2020 թվականին կներդրվի ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության  դեմ պայքարի գրասենյակի և Համաշխարհային մաքսային կազմակերպության «Բեռնարկղերի վերահսկողության ծրագիրը» (այն ներդրված է աշխարհի 54 երկրում):

Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն ակտիվ մասնակցել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակում ամենամյա անցկացվող «Կանալ-Կովկասյան հողապատնեշ» (Канал-Кавказский редут) տարածաշրջանային հակաթմրանյութային գործողությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին