Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնող օրենքի նախագծի ընդունումն Ազգային ժողովի կողմից: Դրա հետ միասին Պաշտպանն արձանագրում է, որ միայն օրենքի ընդունմամբ սահմանափակվելն անհրաժեշտ արդյունք ապահովել չի կարող:
Քրեական ենթամշակույթի արմատավորված և բազմատարր բնույթը պահանջում է, պետական բազմակողմանի քաղաքականություն: Այն պետք է իրականացվի՝ հաշվի առնելով ենթամշակույթի արմատները, դրա ազդեցության տարածման ծավալները:
Հանցավոր ենթամշակույթի դեմ պայքարում ելակետային սկզբունքներ են ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի իրավունքների ապահովումը և նրա վերասոցիալականացմանը նպաստելը: Այդ նպատակի համար քրեակատարողական համակարգը պետք է ապահովի համապատասխան պայմաններ, ունենա պատրաստված և բավարար անձնակազմ, որն, իր հերթին, պահանջում է սոցիալական պատշաճ երաշխիքների և աշխատանքային պայմաններ: Օրենսդրությունը պետք է ստեղծի ազատությունից զրկված անձի համար կանխատեսելի պատկերացում իր իրավունքների իրացման և պարտականությունների հարցերում:
Միևնույն ժամանակ, պետք է շեշտել, որ քրեական ենթամշակույթը չի սահմանափակվում միայն քրեակատարողական հիմնարկներում տարածվելով, այն ծավալված է հասարակության առավել լայն շրջանակներում, ուստի այն պետք է արտացոլվի նաև հանցավորության դեմ պայքարի պետության քաղաքականության մեջ՝ ապահովելով արդյունավետ միջոցների կիրառում:
Մարդու իրավունքների պաշտպանի հայեցակարգը և դրա հիմքում ընկած ուսումնասիրությունները վերաբերում են հետևյալ հիմնական հարցերին.
1) ազատությունից զրկելը՝ որպես բացառիկ միջոց,
2) ազատությունից զրկման վայրերում՝ այդ թվում քրեակատարողական համակարգում հաստիքների համալրում, քրեակատարողական ծառայողների պատշաճ սոցիալական և այլ երաշխիքներ,
3) ազատությունից զրկված անձանց հետ տարվող աշխատանքներ,
4) ազատությունից զրկված անձանց կրթություն և զբաղվածություն,
5) ազատազրկվածներին պահելու պայմանները:
Հետապնդվող նպատակներին հասնելու համար զեկույցում տեղ են գտել անմիջական լուծում պահանջող ինչպես գործնական, այնպես էլ օրենսդրական համալիր առաջարկներ: