Կարևոր իրադարձություններ

Նիդերլանդներից Հայաստան տուրիստական հոսքն ավելի քան 20 տոկոսով ավելացել է

23 Հունվար, 2020 15:12
Նիդերլանդներից Հայաստան տուրիստական հոսքն ավելի քան 20 տոկոսով ավելացել է

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի՝ Հայաստան կատարած այցին: Մնացականյանն ընդգծեց՝ սա դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Նիդերլանդների ԱԳ նախարարի առաջին երկկողմ այցն է Հայաստան:

ՀՀ ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ Ստեֆ Բլոկը Հայաստան է ժամանել Նիդերլանդների դեսպանության մոտալուտ բացման և ՀՀ վարչապետի՝ Նիդերլանդներ կատարելիք այցին ընդառաջ:

«Հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունները և փոխշահավետ համագործակցությունը նոր թափ են ստացել Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններից հետո: Նիդերլանդներից տուրիստական հոսքը ավելի քան 20 տոկոսով ավելացել է, ուղիղ չվերթի բացման պարագայում էլ ավելի կմեծանա»,- ասաց նա:

Ստեֆ Բլոկը նշեց, որ տպավորված է այստեղ կատարված քաղաքական փոփոխություններով, ողջունում է կոռուպցիայի դեմ պայքարը, նկատեց՝ բարեփոխումների շրջանում միշտ չէ որ հեշտ է լինում: Նրան հարց ուղղվեց՝ Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների խորացման դեպքում ո՞ր ոլորտներում է պատկերացնում համագործակցությունը: Նախարարը պատասխանեց.

«Ես առավոտյան հաճույքով խոսեցի գործարարների հետ, որ հայկական ծագում ունեն, գործընկերների հետ, որ գործունեություն են ծավալում այստեղ, բացատրեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտում ունեցած առաջընթացի մասին: Ձեզ պայծառ ապագա է սպասվում, ես տպավորված եմ»,- ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ կարող են համագործակցել նաև գյուղատնտեսության ոլորտում:

Բլոկն ասաց՝ Հայաստանի շուկայի դիրքերը բարելավելու համար միասին կարող են աշխատել, օրինակ, ջերմոցների մշակման, ջրի մշակման, բարձր արդյունավետության սերմերի մշակման ուղղությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին