Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:
Ընթրիքը նախատեսված է Փարիզի l’Hôtel du Collectionneur-ում: Ընթրիքի ժամանակ ակնկալվում է Ֆրանսիայի նախագահի ելույթը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2019թ. ևս մասնակցել էր հայ համայնքի ամենամյա ընթրիքին: Նա հենց այդ օրը հայտարարել էր ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին: Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հռչակել Մակրոնը խոստացել էր իր նախընտրական քարոզարշավի ընթացքում։
Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001թ. օրենքի ուժով, իսկ 2016թ. քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը: