Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    547,5
    559,5

  • RUB

    6,69
    6,99

Կարևոր իրադարձություններ

Պարո՛ն մարզպետ և մարզպետի յուրայիններ, դուք սխալվում եք, ՀՀ-ում թայֆայի իշխանություն չի լինելու. «Իմ քայլի» պատգամավորը՝ Շիրակի մարզպետին

21 Հունվար, 2020 19:32
Պարո՛ն մարզպետ և մարզպետի յուրայիններ, դուք սխալվում եք, ՀՀ-ում թայֆայի իշխանություն չի լինելու. «Իմ քայլի» պատգամավորը՝ Շիրակի մարզպետին

Հարգելի՛ պարոն մարզպետ և մարզպետի յուրայիններ, դուք սխալվում եք, ՀՀ-ում թայֆայի իշխանություն չի լինելու, մենք այս ամենին վերջ ենք դրել, և Դուք պատասխանատվություն եք կրում Ձեր ցանկացած որոշման համար: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթին և նշանակմանը:

Նա նշեց, որ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի կողմից վերջին օրերին բուժհաստատության ղեկավարի նշանակումը անհանգստություն է առաջացրել քաղաքացիների մոտ, որովհետև շատերը փորձում են այս ամենին տալ քաղաքական երանգ: «Ուզում եմ հստակ ասել, որ մենք նոր Հայաստանում պատմության այդ էջը շրջել ենք, և Հայաստանում նման պաշտոնները չեն կարող լինել քաղաքական որոշման հետևանք: Մարզպետն ունի իր լիազորությունները և անձնական որոշման արդյունքում կատարել է նման նշանակում: Քաղաքական աստառ տալ այս ամենին և տարբեր շրջանակների կողմից շահարկել, թե սրանք քաղաքական թիմի արժեքներն ու մոտեցումներն են, միանշանակ սխալ է, և ես ամենայն պատասխանատվությամբ այդ ամենը հայտարարում եմ»,-ասաց պատգամավորը:

Բաղդասարյանի խոսքով՝ եթե կան անձնական մոտեցումներ, հովանավորչություն և շահերի բախում, պետք է պետական այրերը սրանից վեր կանգնեն: «Ես հուսով էի, որ Շիրակի մարզպետը օժտված է այդ հատկություններով և կկարողանա կամային որոշում կայացնել: Չեմ ուզում մեկնաբանել մարզպետի որոշումը, բայց միանշանակ է, որ թույլ չեմ տա, որևէ մեկը, մսխելով հեղափոխության արժեքները, բերի այնպիսի կեղծ գաղափարներ, որոնք մեր քաղաքական թիմին հարիր չեն»,-ասաց նա:

Պատգամավորը հայտարարեց նաև, որ ինքն ու շատ գյումրեցիներ հասկանում են, թե ինչին է միտված այս քաղաքական դիրքավորումը. «Գյումրին այդքան էլ մեծ քաղաք չէ, և մենք հասկանում ենք, որ սա ճիշտ դիրքավորում է քաղաքապետի ընտրություններից առաջ: Դիրքավորում, որովհետև եթե ինչ-ինչ պատճառներով Ձեր հաշվարկները ճիշտ չկատարվեն, և Դուք այլ քաղաքական թիմով փորձեք առաջ գնալ, սա Ձեզ հենարան է ապահովում»,-ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար թեժ պայքար է ընթացել, որի արդյունքում հիվանդանոցի նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանը 50 միավորից հավաքել է 50-ը, Ժորժիկ Սերոբյանը` 50-ից 48-ը: Մրցութային հանձնաժողովի 7 հոգանոց կազմից 7-ը կողմ են քվեարկել Կուրղինյանին, իսկ Սերոբյանին 7-ից 6-ն է կողմ քվեարկել, այն դեպքում, երբ հանձնաժողովի կազմը ձևավորել է մարզպետը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին