Ազգային ժողովում Կառավարության կողմից 10 պետական մրցանակներ սահմանելու նախագծի քննարկման ժամանակ այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության 7 սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ասաց, որ իրենք «մեծ ավանսով» են կողմ քվեարկել դրական՝ եզրակացություն տալով սույն օրենքի նախագծին։
«Խոսքը վերաբերում է թե՛ ոլորտներին, թե՛ ընտրող հանձնաժողովների անդամների ընտրության կարգին: Գտնում ենք, որ օբյեկտիվության իմաստով հավելյալ մեխանիզմների ներդրման կարիք կա»,- ասաց նա:
Մխիթար Հայրապետյանն ընդգծեց, որ առաջիկայում աշխատելու են Կառավարության հետ: «Ինչպես հանձնաժողովի նիստում եմ ասել, հիմա էլ եմ կրկնում՝ եթե այնպես ստացվի, որ մեր առաջարկները, այնուամենայնիվ, անտեսվեն Կառավարության կողմից, երկրորդ ընթերցման ժամանակ հանձնաժողովը կտա բացասական եզրակացություն»,- ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ Կառավարությունն առաջարկում է ստեղծել 10 նոր պետական մրցանակ: «Գրականության և հրապարակախոսության ոլորտում ՀՀ պետական մրցանակ, երաժշտության և կատարողական արվեստների ոլորտում ՀՀ պետական մրցանակ, կերպարվեստի ոլորտում ՀՀ պետական մրցանակ, թատերական արվեստի ոլորտում ՀՀ պետական մրցանակ, կինոարվեստի ոլորտում ՀՀ պետական մրցանակ, ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում ՀՀ պետական մրցանակ, ճշգրիտ և բնական գիտությունների ոլորտում ՀՀ պետական մրցանակ, հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտում ՀՀ պետական մրցանակ, աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական ՀՀ պետական մրցանակ, բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ»: