Կարևոր իրադարձություններ

«Կարող եմ վերահաստատել, որ մինչև ապրիլի 1-ը գազի սակագնի փոփոխություն չի լինելու».Փոխվարչապետը գազի սակագնի բարձրացման մասին

20 Հունվար, 2020 11:35
«Կարող եմ վերահաստատել, որ մինչև ապրիլի 1-ը գազի սակագնի փոփոխություն չի լինելու».Փոխվարչապետը գազի սակագնի բարձրացման մասին

Գազի գինը 15 դոլարով բարձրացել է 2019 թվականի հունվարի 1-ից (դարձել է 165 դոլար 1000 խմ դիմաց), իսկ այս տարվա ողջ ընթացքում գազի գինը սահմանին չի բարձրանալու, դա արդեն պայմանավորված հարց է: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Նաև պայմանավորվածություն կա, որ մինչև ապրիլի 1-ը սակագնի ոչ միայն փոփոխություն տեղի չի ունենա, այլեւ հայտ չի ներկայացվի: Այս պահին ընթանում են քննարկումներ, որոնք ամփոփված չեն: Այս պահին հայտ ներկայացնելու պատճառ ես չեմ տեսնում: Ի՞նչ տեղի կունենա ապրիլի 1-ից հետո. Այո, չի կարելի բացառել, որ հայտ կներկայացվի, որովհետեւ երբ մենք միասին խոսել ենք գազի սակագնի բաղադրիչների մասին, դրանց մեջ կան երեք հիմնականը՝ հինը սահմանին, ընթացիկ ծախսերը, որոնք շատ հեշտ է գնահատական տալ, արագ պայմանավորվել, բայց կա նաեւ ներդրումային ծրագրի հարց: Այնուամենայնիվ կա պնդում, դատողություն, որ ՀՀ տարածքում անվտանգ, անխափան եւ արդյունավետ գազի մատակարարում կազմակերպելու համար անհրաժեշտ են ներդրումներ»,-ասաց փոխվարչապետը:

Նա հավելեց, որ ներդրումների հետ կապված հնարավոր է, որ այնուամենայնիվ, «Գազպրոմ Արմենիան» նոր ասելիքներ ունենա. «Եթե նման հարց առաջանա, դա բաց կքննարկվի: Ես կարող եմ վերահաստատել, որ մինչեւ ապրիլի 1-ը սակագնի փոփոխություն չի լինելու: Սահմանին գազի գինը 2020-ին չի փոխվելու, իսկ մեր բնակարաններում գազի գինը փոփոխվելու հարցը նույնպես պետք է սպասենք ապրիլի 1-ը, որից հետո ավելի հստակ կլինի»,-ասաց Մհեր Գրիգորյանը:

Հարցին, արդյոք բյուջեն պլանավորո՞ւմ է փոխհատուցել բնակիչների ծախսերը, եթե գազի սակագինը բարձրանա, փոխվարչապետը չբացառեց նման հնարավորությունը. «Երբ բոլորս հասկանանք, որ այո, հայտ է ներկայացվել, այո, կա ծախսերի անհրաժեշտություն, բնականաբար կառավարությունն իր դիրքորոշումը կհայտնի»,-ասաց նա:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին