Կարևոր իրադարձություններ

Արցախի հայության գոյության միակ հնարավոր ճանապարհը Արցախի ինքնորոշումն է. Արարատ Միրզոյան

18 Հունվար, 2020 15:28
Արցախի հայության գոյության միակ հնարավոր ճանապարհը Արցախի ինքնորոշումն է. Արարատ Միրզոյան

Հունվարի 18-ին Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցած ՀՀ ԱՀ Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստում ելույթով  հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Ուղիղ երեսուն տարի առաջ այս օրերին, Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում,  իշխանությունների ակնհայտ թողտվությամբ եւ աջակցությամբ տեղի ունեցան պատմությունից մեզ ցավալիորեն շատ ծանոթ իրադարձություններ՝ հայերի ջարդեր: Արկադի Ավանեսով, Սերգեյ Հարությունյան, Արուսյակ Մարկոսյան, Պետրոս Հարությունով, Սաթենիկ Սարկիսյան, Աննա Սարկիսովա, Մկրտիչ Պետրոսյան եւ տասնյակ ուրիշներ, ում սպանեցին, հարյուրավոր այլ մարդիկ, ովքեր անմարդկային խոշտանգումների ենթարկվեցին, հազարավորները ստիպված եղան լքել իրենց տները եւ կյանքը շարունակել փախստականի կարգավիճակում: Այս մարդիկ սպանվեցին, կտտանքների ու հալածանքների ենթարկվեցին միայն այն պատճառով, որ հայ էին: Նրանց միակ «մեղավորությունը» հայկական ազգային պատկանելիություն ունենալն էր:  Օրեր անց ՀԽՍՀ Գերագույն Խորհուրդն արդարացիորեն արձանագրեց, որ Բաքվի դեպքերը Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող շովինիստական քաղաքականության ակնհայտ դրսեւորում են: Ճակատագրի հեգնանքով այս ջարդերը մուլտիկուլտուրալիզմի կենտրոն հռչակված Բաքվում արդեն երրորդն էին միայն 20-րդ դարի ընթացքում: Նույն իրադարձությունները, նույն ձեռագրով, նույն քաղաքում եղել էին նաեւ 1905-ին եւ 1918-ին: 1990-ի այս ջարդերից  շատ, չափազանց կարճ ժամանակ առաջ հայերի ջարդեր էին տեղի ունեցել նաեւ Սումգայիթում եւ Կիրովաբադ-Գանձակում: Բաքվի ջարդերից շատ կարճ ժամանակ անց հայերի ջարդեր սկսվեցին Մարաղայում եւ այլուր»,-ասել է Միրզոյանը:

Հայատյացության այս քաղաքականությունն, ըստ Միրզոյանի, իր դրսեւորումներն ունեցավ նաեւ 21-րդ դարում: Ադրբեջանական իշխանությունների կողմից հերոս հռչակվեց Ռամիլ Սաֆարով անունով մի անձ, ով կացնահարել էր քնած հայ զինվորին, 2016 թվականի ապրիլին Թալիշում դաժանաբար սպանվեցին քաղաքացիական անձինք: Նույն քաղաքականության վկայությունները կարող ենք գտնել Ադրբեջանում ամենուր՝ դպրոցական դասագրքերից մինչեւ այդ երկրի նախագահի հայտարարություններ, որոնցում ողջ հայ ազգը հայտարարվում է Ադրբեջանի ժողովրդի ոչնչացման ենթակա թշնամի:

Հատկանշական է նաեւ, որ այսօր, ըստ Արարատ Միրզոյանի, ադրբեջանական իշխանությունները միեւնույն ձեռագիրն են որդեգրել Ադրբեջանի տարածքում բնակվող այլ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ: Ուզում եմ զգուշացնել միջազգային հանրությանը, որ Ադրբեջանում բնակվող տեղաբնիկ ժողովուրդներն այսօր կանգնած են գրեթե միեւնույն վտանգի առջեւ, ինչ հայերը նախորդ դարի վերջին: Ադրբեջանի իշխանությունների նմանօրինակ վարքագիծը եւ մարդկության դեմ նոր հանցագործությունները կանխելու համար ես կարեւորում եմ միջազգային հանրության եւ գործընկեր խորհրդարանների կողմից տեղի ունեցած հանցագործություններին ճիշտ գնահատակալ տալը:

Արարատ Միրզոյանը ներկաներին հիշեցրել է, որ  հայերի նկատմամբ իրականացված ջարդերը եւ բռնությունները երեք անգամ դատապարտվել են Եվրոպական խորհրդարանի կողմից:

«Եվ վերջում, որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ, եւս մեկ անգամ ուզում եմ արձանագրել եւ վերահաստատել՝ ողջ վերը հիշատակածս, Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը, այդ ջարդերի պարբերական բնույթը, կրկնությունը մեկ դարի ընթացքում մի քանի անգամ, դրանց նախորդած եւ հաջորդած հակահայ քաղաքականության մյուս դրսեւորումները անհնար են դարձնում Արցախի հայության ֆիզիկական անվտանգ գոյությունն Ադրբեջանի սուվերենության ներքո: Ըստ այդմ՝ Արցախի հայության գոյության միակ հնարավոր ճանապարհը Արցախի ինքնորոշումն է, եւ Հայաստանի Հանրապետությունը արցախցիների այդ իրավունքի իրացման երաշխավորն է»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը:    

Հիշեցնենք, որ այսօր Երեւանում մեկնարկել էր Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի ընդլայնված նիստը:

 

Լրահոս

Դիտել ավելին