Կարևոր իրադարձություններ

Երեւան-Սեւան մայրուղու հարեւնությամբ վեր խոյացող «Արձագանք» եւ «Անվերջության ժապավեն» քանդակները կվերականգնվեն

17 Հունվար, 2020 22:46
Երեւան-Սեւան մայրուղու հարեւնությամբ վեր խոյացող «Արձագանք» եւ «Անվերջության ժապավեն» քանդակները կվերականգնվեն

Դեռ անցյալ տարեսկզբին Կոտայքի մարզպետը խոսել էր Կոտայքի մարզում՝ Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ վեր խոյացող երկու եզակի քանդակների վերականգնման անհրաժեշտության մասին, որոնք այսօր թալանված և գործնականում ոչնչացված վիճակում են։ Այդ մասին հայտնում է Կոտայքի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Խոսքը Բյուրեղավանի վարչական տարածքում գտնվող՝ Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» և Չարենցավանի հատվածում վեր խոյացող՝ Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավեն» քանդակների մասին է, որոնց վերականգնման և հարակից տարածքների բարեկարգման անհրաժեշտության մասին միտքը հղացել էր ՀՀ Վարչապետը՝ անմիջապես թավշյա հեղափոխությանը հաջորդած ամիսներին՝ պատրաստակամություն հայտնելով՝ անհրաժեշտության դեպքում, իր իսկ պահուստային ֆոնդից ֆինանսավորելու բոլոր անհրաժեշտ ծախսերը։

Եվ այսպես, այսօր արդեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների գործուն ջանքի ներդրմամբ երկու քանդակների վերականգնման ու դրանց հարակից տարածքների բարեկարգման, այդ թվում՝ պատվանդանների վերակառուցման ու տարածքների գիշերային լուսավորության նախագծանախահաշվային բոլոր աշխատանքներն ավարտված են և շուտով կմեկնարկեն դրանց վերականգնման ու վերատեղադրման աշխատանքներն իրականացնելու մրցույթները։

Մարզպետը լիահույս է, որ գարնանամուտին արդեն առարկայական առաջընթաց կգրանցվի այս ուղղությամբ, թեպետ առկա են տարածքներից մեկի տնօրինման հետ կապված խնդիրներ, որոնք այս պահին վիճարկվում են դատական կարգով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին