Կարևոր իրադարձություններ

Մակունցի խոսքով այս պահին գազի գնի թանկացման մասին հարց չկա

17 Հունվար, 2020 14:47
Մակունցի խոսքով այս պահին գազի գնի թանկացման մասին հարց չկա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: Մոտ երկու ժամ տևած հանդիպման ավարտից հետո ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչ հարցեր էին քննարկման օրակարգում: Սիմոնյանը հայտնեց, որ արդեն ավանդական է դարձել հանդիպումը վարչապետի և խմբակցության հետ: Նա տեղեկացրեց՝ քննարկվել է 2019 թ. տեղի ունեցածը, ինչպես նաև 2020 թ. իրենց տեսլականը, հարցեր են հղել վարչապետին, ստացել պատասխաններ:

«Ուզում եմ տեղեկացնել, որ մշտապես նման հանդիպումներ եղել են և լինելու են, դրանցում որևէ արտառոց բան գտնել՝ ոչ հիմա, ոչ ապագայում, պետք չէ: Խոսքը հիմնականում 2019 թ. տեղի ունեցած իրադարձությունների մասին էր, արված աշխատանքի, այն մարտահրավերի, որ կա, և այն մասին, որ ինչ արդյունքներ գրանցվել են, նպատակ կա կրկնապատկել, առաջ գնալ և ավելի աշխատանք տանել»,- ասաց նա:

Հարցին՝ արդյո՞ք գազի գնի հնարավոր թանկացման հարցի մասին քննարկումներ եղել են, Սիմոնյանը պատասխանեց.

«Կա նույն ինֆորմացիան, որ դուք գիտեք: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ տվյալ պահին նման տեղեկություն չկա, և բանակցություններ են ընթանում»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ խորհրդարանի աշխատանքից գո՞հ է վարչապետը, ինչին Սիմոնյանը դրական պատասխան տվեց:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներին հայտնեց, որ նման հանդիպումներն իրենց աշխատանքային օրակարգի մաս են, և այս հանդիպումը համընկավ տարեսկզբի հետ:

«Հանդիպումն առաջիկա տարվա ընթացիկ աշխատանքների համակարգմանն էր վերաբերում: Ունենալու ենք նաև խմբակցության ռազմավարական պլանավորում: Անդրադարձել ենք ամենատարբեր հարցերի, ընդհանուր՝ տարածաշրջանում հարևանների և առհասարակ մյուս երկրների հետ հարաբերություններին, ներքաղաքական հարցերի, առանձին ուղղություններով կենտրոնացել ենք կոնկրետ ոլորտների զարգացման մասին մեր պատկերացումների և հետագա քայլերի վրա»,- հայտնեց նա:

Մակունցը նշեց, որ գազի գնի հետ կապված որևէ զարգացում չեն կանխպատեսել, որևէ նոր բան այս պահին այդ առումով չկա:

«Դեռ նման հարց չկա, եթե ինչ-որ փուլում լինի, հասարակությունն այդ մասին կիմանա: Հայտ ներկայացնելու հետ կապված որևէ բան չեմ կարող ասել, «Գազպրոմ» ընկերության քաղաքականության հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ, բայց թանկացման հետ կապված ուզում եմ պաշտոնապես հայտարարել՝ այս պահին նման հարց չկա»,- տեղեկացրեց նա:
 

Լրահոս

Դիտել ավելին