Կարևոր իրադարձություններ

Քաղաքական գործիչների և գործարարների միջև արհեստական մրցակցություն հրահրելը հակապետական դրսևորում է

17 Հունվար, 2020 13:50
Հեղինակ՝ Թաթուլ Մկրտչյան
Քաղաքական գործիչների և գործարարների միջև արհեստական մրցակցություն հրահրելը հակապետական դրսևորում է

Հասարակության մի մասը բարիք ստեղծողներին թյուրիմացաբար ասոցիացնում է օլիգարխների հետ և այդ իներցիայով բացասական վերաբերմունք դրսևորում ներկայում բարիք ստեղծողների նկատմամբ։ Այնինչ՝ բարիք ստեղծողները, անկախ ներդրումների ծավալից, տնտեսության, այդպիսով և՝ պետության սյուներից մեկն են։ Անկախ Հայաստանում ներդրումների երաշխիքները տրվում են պետության կողմից։ Եվ դրանց վրա չպիտի ազդեն կառավարող կուսակցությունների, իշխանությունների փոփոխությունները։ Դրանք պետք է դիտվեն որպես ազգային և ազգանպաստ նախաձեռնություններ։ Այս առումով հավասարապես ողջունելի են և՛ պետական բարձր դիրք ունեցող գործիչների, և՛ գործարարների՝ ներդրումներ ներգրավելու ջանքերը։ Իսկ այդօրինակ նախաձեռնություններում հատվածային շահեր փնտրելն, ընդգծելն ու հակադրելը հղի են հակահեղափոխական վտանգներով։ (Մասնավորապես՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և գործարար պարոն Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունները արաբ գործարար շրջանակների հետ հարկ է դիտել ոչ թե հատվածային հակադրության, այլ փոխլրացման համատեքստում)։

Նախկինում ենթակառուցվածքների մեծ մասը տնօրինում էր Ռուսաստանը, իսկ անվտանգության համակարգը կառավարում էին ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը, օտարածին ԱԱԾ-ն, զինված ուժերի օտարահպատակ ղեկավարը, ՀԱՊԿ-ը։ Հեղափոխության խնդիրներից մեկը, ենթադրաբար, այս միջավայրը փոխելն է։ Միջավայր, որտեղ երաշխիքներ տրամադրողն այդ ենթակառուցվածքների և անվտանգային համակարգի փաստացի տերն էր։ Այս իրավիճակում ներդրողը ռիսկերը կառավարելու նպատակով դիմում էր ռուսական երաշխիքներին։ Նույնիսկ օտարերկրյա բիզնեսն, այդ թվում արաբականը, ընդունել էր այդ կանոններն ու աշխատում էր դրանցով, ենթադրաբար՝ փայաբաժին հատկացնելով երաշխավորին։ Իսկ ներդրողի և երաշխավորի գործակցության միջնորդ-գործակալի դերում արդյունավետ հանդես էին գալիս Հայաստանի օլիգարխները։ Վերջիններս ունեին մեծ ժողովրդականություն, ազդեցիկ դիրք և հանդիսանում էին իշխանությունների իրական սոցիալական հենարանը։ Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանում օլիգարխներ չկան։

Կան գործարարներ, բարիք ստեղծողներ։ Նրանց աշխատելու, բարիք ստեղծելու, ներդրումներ ներգրավելու հնարավորություններն ընդլայնելը պետք է լինի քաղաքական համայնքի առաջնային խնդիրը։ Պարզ ասած՝ իշխանությունները և բարիք ստեղծողները ձեռք-ձեռքի պետք է ձգտեն անել հնարավորը տնտեսական գաղութացումից ազատվելու և պետության առաջընթաց ապահովելու համար։ Այս նոր իրավիճակում բարիք ստեղծողների և պետական գործիչների միջև հակասություններ սրելու անաքրոնիկ հետաքրքրությունը կարող է հանգեցնել կապիտալի անկառավարելի արտահոսքին, ինչը աղետալի հետևանքներ կարող է ունենալ։ Եթե սրան գումարենք ԵՏՄ մաքսատուրքերով պայմանավորված թանկացումների հետևանքով սպասվող սոցիալական խնդիրները, ապա կարելի է պնդել, որ այսօր բարիք ստեղծողների նկատմամբ հանիրավի հարձակումները, նրանց և պետական գործիչների միջև արհեստական մրցակություն հրահրելը հակապետական դրսևորումներ են և պետք հնարավորինս զսպվեն հասարակության հողմից։

Ստեղծված բարդ անցումային իրավիճակում ողջամտությունը թելադրում է, որ քաղաքական և գործարար համայնքները պետք է, ի վերջո, ազատվեն դարն ապրած հակաքաղաքակրթական կարծրատիպերից։ Պետք է հրաժարվել պրոլետարական կեղծ գաղափարախոսներից և արմատապես փոխել բարիք ստեղծողների նկատմամբ հասարակական վերաբերմունքը։ Սա ոչ միայն օրախնդիր է, այլև ունի հեռահար նպատակ։ Եթե հաջողվի, ապա բարիք ստեղծողները կշատանան, ավելի եռանդուն կգործեն, ավելի շատ-մեծ բարիք կստեղծեն։

Այդպիսով հնարավոր կլինի իրականացնել սոցիալական երազանքը՝ ապահովել համընդհանուր բարեկեցություն, ինչին ձգտել և գրեթե հասել են բազմաթիվ ժողովուրդներ։

 

Լրահոս

Դիտել ավելին