Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն ուշադիր հետևում է ՍԴ շուրջ զարգացումներին

17 Հունվար, 2020 13:35
ԵՄ-ն ուշադիր հետևում է ՍԴ շուրջ զարգացումներին

Հայաստանը դատական համակարգի բարեփոխումների ուղղությամբ գործադրում է ջանքեր, և Եվրամիությունը սատարում է այդ ջանքերին:

Հունվարի 17-ին այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղված իրավիճակին և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական գործին՝ ԵՄ դեսպանը նշեց, որ Եվրամիությունը միջազգային այլ կառույցների նման աչալուրջ հետևում է զարգացումներին, սակայն ընթացքում գտնվող կոնկրետ գործերն իրենք չեն մեկնաբանելու:

«Խիստ կզարմանայի, որ կոնկրետ քրեական գործով լիներ միջամտություն, սակայն մենք տեսնում ենք, որ դատական համակարգի բարեփոխումների ուղղությամբ գործադրվում են ջանքեր, և այդ ջանքերին սատարում ենք»,- ասաց Վիկտորինը:

Հարցին՝ լրատվամմիջոցների նկատմամբ ճնշման տարրեր նկատելի են Հայաստանում, դեսպանն ասաց․

«Ես կարծում եմ, որ մեդիայի մեծ ազատություն կա, իհարկե կլինեն նեղ իրավիճակներ, երբ կարող են այս կամ այն լրատվամիջոցի նկատմամբ ճնշում լինել, մենք դա տեսնում ենք ցանկացած երկրում, իմ երկրում ևս նույնը պատահում է, դա չենք կարող բացառել։ Մենք այսօր դիտարկում ենք նաև ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ որոշակի աշխատանքի հնարավորությունը ՀՀ կառավարության հետ։ Կարողությունների զարգացման խնդիր էլ կա, և մենք դիտարկում ենք, թե ինչպես կարող ենք լրագրողների վերապատրաստմանն օգնել, յուրաքանչյուրը միշտ կարող է կատարելագործվել»։

«Ինձ մնում է ընդգծել, որ հիմա ես տեսնում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանության բարելավման ուղղությամբ, մասնավորապես, խոշտանգման և արգելված վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ լուրջ ջանքեր են գործադրվում, և համագործակցություն կա այս ուղղությամբ նաև միջազգային կառույցների հետ»,- եզրափակեց Վիկտորինը:

 

Լրահոս

Դիտել ավելին