Կարևոր իրադարձություններ

ՍԱՏՄ-ի և սպանդանոցների ներկայացուցիչների միջև ստորագրվել է հուշագիր, որի շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների սպանդ իրականացնող տնտեսավարող սուբյեկտները սահմանել են նոր գներ

16 Հունվար, 2020 18:13
ՍԱՏՄ-ի և սպանդանոցների ներկայացուցիչների միջև ստորագրվել է հուշագիր, որի շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների սպանդ իրականացնող տնտեսավարող սուբյեկտները սահմանել են նոր գներ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը այսօր հանդիպել է մոտ երեսուն սպանդանոցների ներկայացուցիչների և մեկ տասնյակ ֆերմերների հետ, որի ընթացքում քննարկվել են գյուղացիների ու ֆերմերների հետ փոխգործակցության, ինչպես նաև սպանդանոցային մորթի առանձնահատկությունները:

Գեորգի Ավետիսյանը ներկաներին է փոխանցել իրացման ցանցի ներկայացուցիչների մտահոգությունները՝ սպանդանոցային մորթի պարտադիր պայմանի հետ կապված ենթադրյալ թանկացումների, կենդանիների տեղափոխման դժվարությունների մասին: Տեսչական մարմնի ղեկավարը հիշեցրել է մեկ տարի շարունակ անցկացված ամենատարբեր քննարկումների ու պայմանավորվածությունների մասին, հատկապես՝ որ կենդանի կենդանու տեղափոխումը պետք է իրականացնեն սպանդանոցները:

Քննարկումների արդյունքում ՍԱՏՄ-ի և սպանդանոցների ներկայացուցիչների միջև ստորագրվել է հուշագիր, որի շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների սպանդ իրականացնող տնտեսավարող սուբյեկտները պարտավորվել են՝

կենդանիների տերերից կենդանի կենդանիների տեղափոխումը սպանդանոց և սպանդի արդյունքում ստացված կենդանական ծագման մթերքի տեղափոխումը (3 գլուխ կենդանուց ոչ պակաս) սպանդանոցից մինչև 30 կմ շառավղով հեռավորության վրա իրականացնել անվճար, 1 գլուխ կենդանու դեպքում՝ 3000 ՀՀ դրամով,

խոզերի սպանդն իրականացնել առավելագույնը 5000 ՀՀ դրամով,

մանր եղջերավոր կենդանիներինը՝ առավելագույնը՝ 3500 ՀՀ դրամով,

խոշոր եղջերավոր կենդանիներինը՝ առավելագույնը՝ 10000 ՀՀ դրամով:

  

 

Լրահոս

Դիտել ավելին