Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը վկայի, ապա նաեւ տուժողի կարգավիճակով հարցաքննվել է հայտնի գաղտնալսումների գործով

15 Հունվար, 2020 15:57
Նիկոլ Փաշինյանը վկայի, ապա նաեւ տուժողի կարգավիճակով հարցաքննվել է հայտնի գաղտնալսումների գործով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է իր ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ինչպես նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսումների գործով:

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:

Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունը տեւել է 2 ժամ 35 րոպե:

ՔԿ հաղորդագրությունը ամբողջությամբ ստորեւ.

«ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվում է 2018թ. սեպտեմբերի 11-ին և դեկտեմբերի 05-ին համացանցում տարածված՝ ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա.Վանեցյանի, ինչպես նաև ՀՀ ՀՔԾ պետ Ս.Խաչատրյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա.Վանեցյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների ձայնագրառումներում, հիշատակված պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որի շրջանակներում քննության առարկա է հանդիսանում նաև Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի կալանավորման միջնորդությունները քննած դատավորների նկատմամբ արդարադատության իրականացնելիս միջամտելու հանգամանքը: Նշված քրեական գործով, որպես վկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացել է ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն և հարցաքննվել՝ դատարանների վրա հնարավոր միջամտությունների հանգամանքները պարզելու շուրջ:

ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում է քննվում նաև ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունները ապօրինի գաղտնալսելու և համացանցով տարածելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով, 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով հարուցված և քննվող քրեական գործը, որի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է որպես տուժող՝ ապօրինի գաղտնալսում և ձայնագրառումն իրականացնելու ու տեսանյութը համացանցում տարածելու արդյունքում իր իրավունքների և օրինական շահերի խախտման և գործի համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հանգամանքների շուրջ:

Երկու հարցաքննությունները տևել են ընդհանուր 2 ժամ 35 րոպե»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին