Կարևոր իրադարձություններ

Կկարողանա՞ ՀՀ-ն առանց կորուստների դուրս գալ իրավիճակից. ի՞նչ զարգացում կունենա Ամուլսարի շահագործման հարցը. «Փաստ»

15 Հունվար, 2020 08:23
Կկարողանա՞ ՀՀ-ն առանց կորուստների դուրս գալ իրավիճակից. ի՞նչ զարգացում կունենա Ամուլսարի շահագործման հարցը. «Փաստ»

«Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցի լուծումը տևական ժամանակ է, ինչ չի կորցնում ակտուալությունը։ 

Հանք տանող ճանապարհն արդեն մեկ տարուց ավելի է՝ փակ է. այն շրջափակել ու տարածքում հերթապահում են Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները: 

Չնայած վարչապետի կոչերին, որ պետք է թույլ տալ, որ տեխնիկան մտնի հանքի տարածք, ակտիվիստներն ու բնապահպաններն այդպես էլ մնացին անդրդվելի և չբացեցին դեպի հանք տանող ճանապարհը։ 

Կառավարության որդեգրած դիրքորոշումից նկատելի էր, որ իշխանությունները կողմնակից են հանքի շահագործմանը։ Վարչապետ Փաշինյանը պնդում էր, թե «Լիդիանը» հիմա ասում է, թե երաշխավորում է, որ 100 տոկոս անվտանգ է շահագործելու հանքը, և չկա Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որևէ իրավական հիմնավորում։ 

Մյուս կողմից՝ վարչապետը հայտարարում էր, թե հանքի շահագործման դադարեցումը կարող է մեծ բացասական ազդեցություն ունենալ դրսից Հայաստան ներգրավվող ներդրումների վարկերի տոկոսների վրա։ 

Դրան զուգահեռ՝ խոսակցություններ կան, թե հանքի փակման դեպքում «Լիդիան Արմենիա» ընկերությունը կարող է դիմել արբիտրաժային դատարան և ՀՀ կառավարությունից փոխհատուցում պահանջել: 

Ուշագրավ է, որ արդեն այս տարվա հունվարի 7-ին Տորոնտոյի ֆոնդային բորսան որոշում է կայացրել 2020 թ. փետրվարի 5-ից «Լիդիան» ընկերությանը (Lydian International Limited) բորսայի ցուցակներից հեռացնելու մասին, իսկ դա նշանակում է, որ ընկերության արժեթղթերի վաճառքը կասեցվել է՝ ցուցակագրման պահանջներին շարունակաբար չհամապատասխանության պատճառով։ 

Այս պահի դրությամբ դժվար է ասել՝ «Լիդիան» ընկերությունը կգնա սնանկացման, թե ոչ, սակայն հատկանշական է, որ «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում իրենց ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի համար մեղադրել էր Հայաստանի ներկայիս կառավարությանը՝ նշելով, թե Ամուլսարի դեմ գործընթացը Հայաստանին վնասից բացի ոչ մի օգուտ չի բերել, և սա ազդակ է բոլոր արտաքին ներդրողներին, թե ինչի հանգեցրեց կառավարության անգործությունը: 

Փորձագետների մի մասը կարծում է, թե բնապահպանական խնդիրներն ավելի կարևոր են, իսկ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դադարեցումը չի կարող ազդել Հայաստանի ներդրումային վիճակի վրա, մանավանդ երբ դեռ չկա արբիտրաժային դատարանի բացասական որոշում։ 

Իսկ մասնագետների մի մասն էլ գտնում է, թե Ամուլսարի շուրջ ստեղծված այսպիսի իրադրությունը բացասական մեծ հետք է թողնելու Հայաստանի ներդրումային միջավայրի վրա, քանի որ ՀՀ-ն չի իրականացնում միջազգային համաձայնագրով իր ստանձնած պարտավորությունը, այսինքն՝ չի պաշտպանում օտարերկրյա ներդրումների ֆիզիկական պաշտպանվածությունը: 

Եվ ներդրողները, այս փորձն իրենց աչքի առաջ ունենալով, ցանկություն չեն ունենա Հայաստանում գումարներ ներդնել։ Սակայն «Լիդիան» ընկերության արժեթղթերի վաճառքի դադարեցումից հետո դեռևս լիովին հստակ չէ կառավարության դիրքորոշումը. եթե որոշվում է, որ հանքը չպետք է շահագործվի, ապա բնակչությունը ցանկանում է իմանալ, թե որոնք են լինելու կառավարության քայլերը, ինչպե՞ս է պատրաստվում կառավարությունը կոմպենսացնել Հայաստանի ներդրումային միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունը։ 

Կամ եթե կառավարությունը գտնում է, որ հանքը պետք է շահագործվի, ապա ինչպե՞ս է վստահեցնելու շրջակա բնակավայրերի բնակիչներին, որ հանքի շահագործումն անվտանգ է՝ մանավանդ որ այսքան ժամանակ հնարավոր չի եղել փարատել մտահոգությունները։ 

Պետք է հաշվի առնել, որ իշխանությունների անվճռական դիրքորոշումը, որը հիմնականում պայմանավորված է նրանով, որ հանկարծ խնդիրը չազդի իրենց վարկանիշի վրա, կարող է բերել նրան, որ Հայաստանը համապատասխան քայլեր չձեռնարկելու պարագայում կորուստներով դուրս գա այս պրոցեսից»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին