ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման նոր կարգը: Հրամանի համաձայն՝ փոխհատուցում կտրվի ՀՀ մարզերի դպրոցների այն ուսուցիչներին և աշակերտներին, որոնք աշխատելու կամ սովորելու համար մի բնակավայրից մյուսն են երթևեկում: Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարության լրատվական ծառայությունը:
Ըստ այդմ՝ 2020 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծում հանրակրթական դպրոցների մանկավարժների և սովորողների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման նպատակով 3,5 անգամ ավելի շատ գումար է հատկացվելու. գալիք տարվա համար նախատեսված է 276 մլն դրամ 2019 թվականի 79 մլն դրամի փոխարեն՝ ընդգրկելով բոլոր մարզերը (նախկինում ընդգրկված էր միայն 7 մարզ)։
Փոխհատուցում տրամադրվում է.
Փոխհատուցման առավելագույն չափը տվյալ տարվա համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հրապարակած միջմարզային և միջհամայնքային երթուղային ցանցի մրցույթով ներկայացված սակագների միջին թվաբանականն է: Դրանց բացակայության դեպքում հիմք է ընդունվելու 200 դրամը (հաշվարկված երկու ուղղությամբ՝ յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար): Տվյալ բնակավայրի անվանման բացակայության դեպքում հիմք է ընդունվում դրան ամենամոտ բնակավայրի համար սահմանված սակագինը:
Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա ուսումնական հաստատությունը փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվությունը՝ հիմնավորումներով և հաշվարկներով (մինչև սեպտեմբերի 20-ը՝ առաջին կիսամյակի համար, մինչև հունվարի 20-ը՝ երկրորդ կիսամյակի համար) ներկայացնում է դպրոցի կառավարման լիազոր մարմին՝ մարզպետարաններ կամ ԿԳՄՍ նախարարություն (նախարարության ենթակայության տակ գտնվող դպրոցների համար)։ Դրանից հետո ԿԳՄՍՆ-ն առաջարկում է մարզպետարաններին՝ իրենց ենթակայությամբ գործող հաստատությունների հետ ստորագրել պայմանագրեր՝ ամեն ամիս ֆինանսավորում իրականացնելու վերաբերյալ: