Կարևոր իրադարձություններ

Նոր զարգացումներ՝ Վայոց ձորի մարզպետի օգնականի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ. միակ «վկան» ամենևին էլ ականատես չի եղել դեպքին

13 Հունվար, 2020 18:00
Նոր զարգացումներ՝ Վայոց ձորի մարզպետի օգնականի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ. միակ «վկան» ամենևին էլ ականատես չի եղել դեպքին

Ամիսներ առաջ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանի և վերջինիս եղբոր՝ Զավեն Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել։ Պարզվել է, որ միակ ականատես վկան, ում ցուցմունքի հիման վրա մինչ օրս կալանավորված է Զավեն Գրիգորյանը, ոչ միայն նախկինում ստում էր, որ դեպքի վայրում է գտնվել նաև նախկին մարզպես Տրդատ Սարգսյանը, այլ նաև նա ամենևին էլ ականատես չի եղել դեպքին։ Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում հայտնեց Գրիգորյանի պաշտպան, «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Լևոն Սահակյանը։

«Տղաների պաշտպանությունը ստանձնելու առաջին օրվանից բարձրաձայնել եմ, որ Հարություն Գրիգորյանի եղբայր Զավեն Գրիգորյանը բացարձակապես առնչություն չունի Արա Մխիթարյանի առողջական վիճակի հետ և ձերբակալվել է սուտ մատնության ու ակնհայտ կեղծ ցուցմունքների հետևանքով: Դրա համար բավական էր ընդամենն արագ ուսումնասիրել հեռախոսային խոսակցությունների վերծանումները, ինչպես նաև ժամանակին առգրավել դեպի դեպքի վայր տանող ճանապարհին տեղակայված բոլորր տեսաձայնագրող սարքերը: Անհերքելի ապացույցներով հաստատվում է, որ Զավենը դեպքի վայր է հասել դեպքից հետո միայն: 

Փոխարենը՝ չարաշահվել և անբարեխղճորեն օգտագործվել է հանրության հարգանքը առ սպայի կոչում,  իրականացվել է ընտանեկան վենդետա, անտեսվել է անձնական պատասխանատվության սկզբունքը  և ՀՀ քաղաքացին զրկվել է ազատությունից պարզապես Հարութի  եղբայրը լինելու պատճառով:

Որոշ ժամանակ անց քննչական կոմիտեն նույնպես պաշտոնապես հաստատեց, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը դեպքի վայրում չի եղել՝ ինչի վերաբերյալ շարունակ ստում էին Արա Մխիթարյանի ընկերները և  Զավեն Գրիգորյանի դեմ ցուցմունք տված իբր ականատես վկան: Այնուամենայնիվ, Զավեն Գրիգորյանը շարունակեց անազատության մեջ մնալ բացարձակապես նույն անձանց ցուցմունքների հիման վրա:

Դրանից հետո հանրությանը և քննիչին ներկայացվեց ձայնագրություն, որտեղից հստակ երևում էր, թե ինչպես է փոխգնդապետի ընկերներից մեկը նախքան ցուցմունք տալը պատմել, որ ինքը չի տեսել, որ Հարություն Գրիգորյանի զանգով ժամանածներից որևէ մեկը հարվածի որևէ մեկին: Այնուամենայնիվ, Զավեն Գրիգորյանը կրկին շարունակեց անազատության մեջ մնալ»,- նշեց նա:

Լևոն Սահակյանի խոսքով՝ իրենք բացահայտել են, որ միակ ականատես վկան, ով ուղղակիորեն նշում էր, թե տեսել է, թե ինչպես է Զավենը հարվածում Արային, իրականում ականատես չի եղել.

 «Նա դեպքի վայրում չի գտնվել: Վարույթ իրականացնող մարմնին ամիսներ շարունակ ստել է, թե իբր գիշերվա այդ ժամին գտնվել է դրսում, քանի որ վերադռնում էր տուն իր հեռախոսահամարին իբր լիցքավորում կատարելուց, մինչդեռ մենք արդեն իսկ ձեռք ենք բերել համապատասխան ընկերություններից ապացույցներ, որ նշված համարին այդ օրերին որևէ լիցքավորում չի կատարվել: Ահա թե ինչու նրա յուրաքանչյուր ցուցմունքը հակասում էր նախորդ ցուցմունքներին և տպավորություն էր ստեղծվում, որ անձը չի հիշում, թե ինքը նախկինում ինչ ցուցմունք է տվել կամ պարզապես ունակ չէ ճիշտ ընկալելու ու վերարտադրելու կարևոր հանգամանքները: Ահա թե ինչու էր նա շարունակ խճճվում նախկինում հայտնած իր տեղեկությունների մեջ: Քրեական գործի այս փուլը երբ ավարտվի ու ես կաշկանդված չլինեմ նախաքննական գաղտնիքով՝ հնարավոր է հրապարակեմ այդ ցուցմունքները, որպեսզի հանրությունը նույնպես գնահատի քննչական մարմնի ու դատախազության վարքագիծը:

Յուրաքանչյուր ոք պետք է իմանա, որ ընդամենը մեկ անձի, ով արհեստականորեն դառնում է ականատես վկա,  նման խայտառակ ցուցմունքների պատճառով ինքը նույնպես վաղը կարող է ամիսներ շարունակ գտնվել անազատության մեջ: Ասել եմ դատարանում, կրկնում եմ հիմա՝ Զավեն Գրիգորյանի անազատության մեջ գտնվելու ժամկետի երկարությունը ուղիղ համեմատական է ինչպես սուտ մատնության համար Մ.Հ.-ին սպառնացող պատժի ծանրությանը, այնպես էլ քննչական մարմնի ու դատախազության խայտառակության աստիճանին»:

Լևոն Սահակյանը փաստաբանական հարցում է արել Easy Pay և Tell Cell ընկերություններ, և պարզվել է, որ Մ․Վ-ի հեռախոսահամարին այդ օրերին  իրականում որևէ լիցքավորում չի կատարվել։  Փաստաբանը ՀՀ Գլխավոր դատախազին միջնորդություն է ներկայացրել Զավեն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և սուտ մատնության հատկանիշներով քրեական գործ հարուցելու համար։  

Հիշեցնենք, որ զինծառայող Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորվել է ոչ միայն Հարություն Գրիգորյանը, այլ նաև՝ Զավեն Գրիգորյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին