2015 թվականի հունվարի 12-ի վաղ լուսաբացը Գյումրին դիմավորեց սարսափի մեջ: Կայծակնային արագությամբ քաղաքում տարածվեց անհավանական մի լուր. առանձնակի դաժանությամբ սպանվել էր գյումրեցի մի ամբողջ ընտանիք:
Մյասնիկյան 188: Առաջին հայացքից եւ մինչեւ դեպքի օրը ոչինչ չասող, սովորական մի հասցե: Փոքրիկ ու ոչնչով աչքի չընկնող, փողոցից կտրված եւ միայն ծանոթ-բարեկամ, հարեւաններին հայտնի մի փոքրիկ տան մեջ էին ապրում Ավետիսյանները՝ Հասմիկը, Սերյոժան, Աիդան, երիտասարդ ամուսիններ Արաքսյա եւ Արմեն Ավետիսյաններն, ու նրանց մանկահասակ երեխաները՝ 2-ամյա Հասմիկն ու 6 ամսական Սերյոժան: Փոքրիկ Սերյոժան ընտանիքի միակ անդամն էր, որը սվին դանակով վիրավորումներ էր ստացել, մյուսները սպանվել էին հրազենից արձակված կրակոցներից: Պաշտոնական մեղադրանքի համաձայն՝ ոճիրն իրականացրել էր Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պավելի Պերմյակովը, ում նկատմամբ էլ քրեական գործ հարուցվեց: Վալերի Պերմյակովը մեղադրվեց ՀՀ օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով (նախատեսում է ցմահ ազատազրկում), 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (ազատազրկում 10 տարի ժամկետով) եւ 34-329 հոդվածի 1-ին մասով (ազատազրկում 2 տարի ժամկետով): Դատարանը չանդրադարձավ Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրին: 9 ամիս տեւած դատավարությունն այդպես էլ գյումրեցիներն ու Ավետիսյանների հարազատներին չհամոզեց, որ այդ ոճիրն իրականացրել էր Պերմյակովը, կամ՝ միայն Պերմյակովը:
Ավետիսյանների տան դուռն արդեն հավերժ փակված է: Բնակարանն աստիճանաբար քայքայվում է, իր հետ ոչնչացնելով տան անդամների երբեմնի աշխույժ եւ երջանիկ կյանքի պատառիկները: