Կարևոր իրադարձություններ

Հանրակրթական դպրոցներում արձանագրվել են անհրաժեշտ ջերմաստիճանի ապահովման խախտումներ

11 Հունվար, 2020 15:42
Հանրակրթական դպրոցներում արձանագրվել են անհրաժեշտ ջերմաստիճանի ապահովման խախտումներ

2020 թվականի հունվարի 8-ին և 9-ին Երևանում և ՀՀ Կոտայքի մարզում գործող 141 հանրակրթական դպրոցներից 4-ի դասասենյակներում արձանագրվել է 14-16 °C, իսկ 23 դպրոցի միջանցքներում՝ 5-16°C, այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որում մասնավորապես նշվում է․

«Հիմք ընդունելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին ուղղված բողոքն այն մասին, որ դպրոցում չի ապահովվում սահմանված ջերմաստիճանը, ԱԱՏՄ-ի կողմից հունվարի 10-ին հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում Երևանի Ավան վարչական շրջանում գործող Գալինա Ստարովոյտովայի անվան թիվ 177 հիմնական դպրոցում զննում է իրականացվել։ Արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ, մասնավորապես, դպրոցի 8 մասնաշենքերում տեղակայված աշխարհագրության կաբինետում, 3 դասասենյակում և միջանցքներում ժամը 15։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է՝ դասասենյակներում՝ 16-ից 20°C, իսկ աշխարհագրության կաբինետում՝ 18°C, միջանցքներում՝ 14°C։

Խախտումներ են արձանագրվել նաև սանհանգույցների մասով։ Պարզվել է, որ 8 մասնաշենքի յուրաքանչյուր հարկում առկա է մեկ սանհանգույց՝ միայն տղաների կամ աղջիկների համար՝ 4 խցիկով, իսկ առկա սանհանգույցի 4 խցիկից գործում է միայն 2-ը. մյուսները կողպված են և չեն շահագործվում։ Հիգիենայի համար նախատեսված պարագաները գտնվել են նախասրահում՝ բաց վիճակում, առանց մակնշման և բացակայել է կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղը։ Անձնակազմի համար առկա է 2 սանհանգույց՝ 2-ական խցիկով, որոնցից մեկական խցիկ չի գործում, չի եղել ջրհոսքի հարմարանք։

Առողջապահության նախարարի համապատասխան հրամանով սահմանվում են դպրոցներին ներկայացվող պահանջները, որը ստորագրվել է 2017 թվականին, ըստ որի՝ դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում, մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբային պարապմունքների սենյակներում պետք է ապահովվի 18-22 աստիճան»։
 
 

Լրահոս

Դիտել ավելին