Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն, ի պատասխան լրատվամիջոցների հարցադրումների, տեղեկացնում է, որ պետական սահմանի անցման կետերով երկիր մուտք գործած՝ վարակիչ հիվանդության կասկածով անձանց մոտ կարմրուկի դեպքեր չեն հաստատվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:
ԱԱՏՄ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով 18 անձանց մուտքը երկիր, իսկ Դուբայ-Երևան չվերթի մեկ ուղեւոր դուրս էր բերվել արտահերթ։
Տվյալ անձանց առողջական վիճակի մասին տեղեկացվել էր համապատասխան տարածքային պոլիկլինիկաներին՝ նրանց հետագա վիճակը հսկողության տակ պահելու նկատառմամբ։
Հետադարձ կապի արդյունքում ճշգրտված տեղեկատվության համաձայն՝ 2 անձի մոտ արձանագրված ցանի և ջերմության համակցումը և 1 անձի մոտ անհայտ ցանավորումը կարմրուկի հետեւանք չեն եղել։
Ամանորի շրջանում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն աշխատել է ուժեղացված ռեժիմով։
Հսկողության ընթացքում ավտոմատ ջերմաչափման արդյունքում պետական սահմանի անցման կետերում գրանցվել էր վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտքը երկիր․ բոլորն էլ ժամանել էին Վրաստանից։
Տարածաշրջանում կարմրուկի առումով առկա մտահոգիչ մի շարք միտումների առումով հարկ ենք համարում հիշեցնել՝ վարակից խուսափելու ամենաարդյունավետ ուղին դրա դեմ պատվաստումն է։ ԱԱՏՄ-ն պատվաստումների գործընթացի վերահսկողությունը պահում է ուշադրության կենտրոնում՝ բացառելու խնդիրները։