«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց էին հավաքվել տարբեր տարիներին իրենց նորածիններին կորցրած մայրեր։ Նրանք վստահ էին, որ իրենց փոքրիկներն ապօրինի գործարքների զոհ են դարձել։ Ցուցարարները պահանջում էին կալանավորել Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի ու գինելոկոլոգիայի հանրապետական կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին ու ապօրինի որդեգրումների գործով անցնող մյուս չորս մեղադրյալներին։ Գլխավոր դատախազության առջև հավաքված մայրերն ասում էին՝ եթե փաստաթղթերում հիմքերը պակաս են, իրենք կենդանի վկաներ են։
Սրան զուգահեռ այս պահին ՀՀ քննչական կոմիտեում քննվում է մեկ այլ գործ՝ կապված Հայաստանի քաղաքացի հանդիսացող երեք տասնյակից ավելի երեխաների որդեգրումների հետ Իտալիայի քաղաքացիների կողմից: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս մասով որևէ տեղաշարժ առկա չէ, քանի որ չեն կարողանում ապացուցել այն փաստը, որ այդ որդեգրումն ապօրինի է: Բանն այն է, որ ապօրինի որդեգրման պարագայում որոշ բժիշկներ պետք է մեղադրվեն նրանում, որ սխալ ախտորոշում են տվել և երեխաներին արհեստականորեն համարել հիվանդ, որպեսզի արտահերթ կարգով կարողանան կազմակերպել որդեգրումն իտալացիների կողմից, հակառակ դեպքում նախապատվությունը կտրվեր հայաստանցի որդեգրողներին:
Օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման քրեական գործով «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, հայ երեխաներից մեկին որդեգրել է Համաշխարհային բանկի պաշտոնատար անձանցից մեկը, իսկ թե ով է նա, «Ժողովուրդ» օրաթերթը չի հրապարակում` հաշվի առնելով որդեգրման գործընթացում առկա գաղտնիության հանգամանքները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: