Կարևոր իրադարձություններ

Կադրային իրարանցում. Մհեր Գրիգորյանը՝ ԿԲ նախագա՞հ. Իսկ փոխվարչապետի պաշտոնի համար 2 թեկնածու կա. «Իրատես»

10 Հունվար, 2020 08:12
Կադրային իրարանցում. Մհեր Գրիգորյանը՝ ԿԲ նախագա՞հ. Իսկ փոխվարչապետի պաշտոնի համար 2 թեկնածու կա. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Թեեւ վարչապետն իր հայտարարություններում որեւէ ակնարկ չի արել, որ դժգոհ է ֆինանսաբյուջետային բլոկից, խոսակցություններ կան, որ այնուհանդերձ, դժգոհ է եւ պատրաստվում է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին փոխելու մեկ այլ կադրով։ Իսկ թե ումով, դեռեւս չի ասվում։ Այս խոսակցությունները ֆինանսների նախարարությունում անհիմն են համարում եւ նշում, որ դրանք միտումնավոր են տարածվում։

Ամեն դեպքում, հարցը փորձեցինք պաշտոնապես ճշտել. «Նման տեղեկություն չունենք»,- նշեցին կառավարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Բայց որ կառավարության ներսում կադրային լուրջ իրարանցում է, փաստ է։ Եվ դա պատահական չէ։ Երկու ամիս հետո լրանում է ԿԲ-ի նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը։ Վերընտրվելու հնարավորություն նա այլեւս չունի` օրենքը թույլ չի տա։ Ո՞վ կլինի ԿԲ-ի նոր նախագահը։ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կստանձնի ԿԲ-ի նախագահի պաշտոնը։

Եթե նկատենք, որ փոխվարչապետը նախկինում բանկիր էր, ապա նշված խոսակցությունը շատ տրամաբանական կարող է լինել։ Եվ քանի որ «սուրբ տեղը դատարկ չի մնում», շրջանառվող լուրերի համաձայն, փոխվարչապետի պաշտոնը կստանձնի կա՛մ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, կա՛մ էլ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախկին նախարար եւ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

Եթե նկատենք, որ այս երկու պաշտոնյաներն էլ կառավարման մեծ փորձ ունեն, ապա պետք է ենթադրել, որ կադրերի արհեստավարժությունը կրկին սկսում է գնահատվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին