Կարևոր իրադարձություններ

Ավստրալիայում եղանակն ավելի է տաքանում, հրդեհների սեզոնը երկարում է

09 Հունվար, 2020 22:05
Ավստրալիայում եղանակն ավելի է տաքանում, հրդեհների սեզոնը երկարում է

Ավստրալական օդերեւութաբանական գրասենյակը եղանակի ցրտելու կամ զգալի անձրեւների նշաններ առաջիկա մի քանի ամիսներին չի տեսնում, իսկ իշխանությունները զգուշացնում էին, որ միայն հորդառատ անձրեւը կկանգնեցնի երկրում մոլեգնող անտառային հրդեհները, տեղեկացնում է Reuters-ը։

Այն բանից հետո, երբ 2019 թվականն Ավստրալիայի համար դարձավ ամենաշոգ եւ երաշտ տարին պատմության մեջ, մետեոբյուրոն հինգշաբթի տեղեկացրեց, որ ջերմաստիճանը, հավանաբար, կմնա միջինից բարձր հաջորդ մի քանի ամիսների ընթացքում։

Բյուրոյի համաձայն՝ թեեւ հյուսիսից անձրեւներ են գալիս, դրանք բավարար չեն լինի անտառային հրդեհները մարելու համար, որոնք մոլեգնում են Ավստրալիայի հարավ-արեւելքում։

Երկիրը պայքարում է զանգվածային անտառային հրդեհների դեմ արդեն մի քանի ամիս։ Դրանց նպաստել է երեք տարի տեւող երաշտը, որը փորձագետները կապում են կլիմայի փոփոխության հետ։

Սեպտեմբերից հրդեհները ոչնչացրել են ավելի քան 10,3 մլն հեկտար հող, որը հավասար է Հարավային Կորեայի տարածքին, եւ խլել 26 կյանք։ Բացի այդ, ոչնչացել կամ տուժել է մոտ մեկ մլրդ կենդանի։

Անցած տարի երկրում տեղացել է տարեկան տեղումների քանակության ընդամենը 6 տոկոսը, իսկ ցերեկային ջերմաստիճանները Ցելսիուսի 2 աստիճանով ավելի բարձր են եղել նորմայից։

«Ավստրալիայում եղանակն ավելի է տաքանում, հրդեհների սեզոնն ավելի երկարում է, իսկ հրդեհավտանգ եղանակի ծանրությունն այս սեզոնին դառնում է ավելի հաճախակի ու ավելի լուրջ»,- ասել է օդերեւութաբանական ծառայության ներկայացուցիչ Կառլ Բրահանզան։

 

Լրահոս

Դիտել ավելին