Կարևոր իրադարձություններ

ՀՅԴ անդամները Արման Բաբաջանյանի դեմ դատական հայց են ներկայացրել

09 Հունվար, 2020 18:58
ՀՅԴ անդամները  Արման Բաբաջանյանի դեմ դատական հայց են ներկայացրել

Հաշվի առնելով ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջում կատարած գրառմանը, ՀՅԴ անդամների փաստաբան Հայկուհի Սեդրակյանը կարծում է, որ Բաբաջանյանը չի ընդունում իր դեմ ներկայացված դատական հայցը։ Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, մեզ հետ զրույցում ասաց Հայկուհի Սեդրակյանը։

Նա հայտնեց, որ ՀՅԴ անդամները երկու դրվագով են Արման Բաբաջանյանի դեմ դատական հայց ներկայացրել։

Փաստաբանն ասաց, որ դատական հայցը վերաբերում է դեկտեմբերի 6-ին ԱԺ ամբիոնից ՀՅԴ-ի վերաբերյալ արած Արման Բաբաջանյանի հայտարարություններին. «Ըստ էության, հայցվորները այդ հայտարարությունը համարում են վիրավորական եւ զրպարտչական։ Դրա վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով դատական հայց է ներկայացվել դատարան։ Դատարանից դեռեւս որեւէ որոշում չունենք, քանի որ երեկ է ներկայացվել հայցը։ Միայն այսօր դատական-տեղեկատվական համակարգում երեւում է հայցը։ Վիրավորանքի համար մենք պահանջում ենք հրապարակային ներողություն խնդրել, իսկ զրպարտության համար դրամական փոխհատուցում»։

Հայկուհի Սեդրակյանը չնշեց դրամական փոխհատուցման չափը. «Մեծ գումարների մասին խոսք չի գնում»։

Նշենք, որ դատական հայց ներկայացրել են ՀՅԴ անդամներից Իշխան Սաղաթելյանը, Աշոտ Սիմոնյանը, Սիմոն Սիմոնյանը, Շաղիկ Մարուխեանը, Արմենուհի Կյուրեղյանը, Լիլիթ Գալստյանը, Միքայել Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Հակոբ Մաթիլյանը, Տարոն Տոնոյանը եւ Արծվիկ Մինասյանը։

Հիշեցնենք, որ խոսքը Արման Բաբաջանյանի հրապարակային ելույթների մասին է, որոնցում նա ՀՅԴ–ին անվանել է, մասնավորապես, «ահաբեկչական անցյալով հայտնի այս ուժ» եւ այլն։

 

Լրահոս

Դիտել ավելին