Կարևոր իրադարձություններ

Լիբանանի դատարանն արգելել է երկրի տարածքից դուրս գալ Nissan կոնցեռնի նախկին տնօրենին

09 Հունվար, 2020 18:17
Լիբանանի դատարանն արգելել է երկրի տարածքից դուրս գալ Nissan կոնցեռնի նախկին տնօրենին

Լիբանանի դատարանն արգելել է երկրի տարածքից դուրս գալ Nissan կոնցեռնի նախկին տնօրեն Կառլոս Գոնին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով MTV հեռուստաալիքին։

Մինչ այդ ավարտվել էր Գոնի գործով լսումը Բեյրութի դատարանի գլխավոր շենքում։ Դատավորները լսել են գործարարին Ինտերպոլի «կարմիր նշման» հարցով եւ Իսրայել նրա այցի փաստով, ինչն օրենսդրորեն արգելվում է լիբանանցի քաղաքացիներին։

Կառլոս Գոնը, որը Տոկիոյում տնային կալանքի տակ էր, դեկտեմբերի վերջին փախուստի էր դիմել։ Նա մասնավոր ինքնաթիռով Ստամբուլից հասել էր Բեյրութ, որտեղից պաշտոնապես հայտարարել էր իր գտնվելու տեղի մասին։ Ճապոնական կողմը պահանջում է հանձնել Գոնին նրա կալանավորման համար։ Ինտերպոլը լիբանանյան կողմին «կարմիր նշում» է ներկայացրել գործարարին կալանավորելու համար։

Գոնն ու նրա աջ ձեռք Գրեգ Քելին ձերբակալվել էին 2018 թվականի նոյեմբերի 19-ին այն կասկածանքով, թե Nissan-ի նախկին տնօրենը հայտարարագրել է ոչ բոլոր եկամուտները, եւ Քելին, ենթադրաբար, օգնել է նրան այդ հարցում։

Չհայտարագրված եկամուտների գումարը 2010-2017 թվականներին գնահատվում է 8 մլրդ իեն (մոտ 71 մլն դոլար)։ Բացի այդ, Գոնին կասկածում են այն բանում, որ նա ընկերության հաշվին ծածկել է մասնավոր ներդրումների հետեւանքով կրած վնասները։ Վնասները կազմել են 1,85 մլրդ իեն (այն պահի դրությամբ՝ մոտ 21 մլն դոլար)։

Անցած տարվա գարնանը Գոնի փաստաբանները 1,5 մլրդ իեն (մոտ 15 մլն դոլար) գրավ են մուծել, ինչից հետո նրան չբացակայելու ստորագրությամբ ազատ են արձակել։ Մինչեւ դատը, որը պետք է տեղի ունենար Ճապոնիայում 2020 թվականի գարնանը, նա երկրի սահմաններից դուրս գալու իրավունք չուներ:

 

Լրահոս

Դիտել ավելին