Կարևոր իրադարձություններ

Հայաստանը միացել է Պոմպիդու խմբին

09 Հունվար, 2020 12:21
Հայաստանը միացել է Պոմպիդու խմբին

Հայաստանը դարձել է Եվրոպայի խորհրդի Թմրանյութերի չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի համագործակցության խմբի (Պոմպիդու խումբ) 40-րդ անդամը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանը Պոմպիդու խմբի անդամ է դարձել 2020 թվականի հունվարի 1-ից:

Եվրոպայի խորհրդում ՀՀ ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն այդ առիթով նամակ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչին:

Դեկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Եվրոպայի խորհրդի Թմրանյութերի չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի համագործակցության խմբին (Պոմպիդու խումբ) Հայաստանի անդամակցության առաջարկությանը:

Պոմպիդու խումբը  հանդիսանում է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) մասնագիտացած միջկառավարական մարմիններից մեկը, ունի մասնակի համաձայնագրի կարգավիճակ։ Խումբը բաղկացած է ԵԽ անդամ և դիտորդ 39  երկրից։ Խմբին անդամակցում են նաեւ ԵԽ ոչ անդամ այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ Ալժիրը, Թունիսը, Եգիպտոսը, Լիբանանը, Հորդանանը։ Պոմպիդու խմբի անդամավճարը կազմում է տարեկան 3.472 եվրո։ Պոմպիդու խմբին անդամակցած նոր անդամի առաջին տարվա անդամավճարը հաշվարկվում է օրական հիմքով՝ սկսած անդամակցության օրվանից։

 

Լրահոս

Դիտել ավելին