Կարևոր իրադարձություններ

Չի կարելի 500 հազար դոլարանոց ռեստորան կառուցել և ալարել 50 դոլար ավել ծախսել պատշաճ սանհանգույց ունենալու համար

09 Հունվար, 2020 12:02
Չի կարելի 500 հազար դոլարանոց ռեստորան կառուցել և ալարել 50 դոլար ավել ծախսել պատշաճ սանհանգույց ունենալու համար

Կառավորության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ  2020թ․-ը զբոսաշրջային առումով ավելի լավ տարի է լինելու և դրա համար կան կոնկրետ ազդակներ՝ շուտով կսկսվեն բյուջետային ավիաընկերությունների չվերթները։ Նիստի ընթացքում վարչապետն անդրադարձավ կարևորագույն խնդիրներից մեկին․

«Որքան էլ զավեշտալի հնչի, որ մենք այս հարթակում ստիպված են այդպիսի հարցեր քննարկել ամենամեծ պրոբլեմներից մեկը վերաբերվում է զուգարանների խնդրին ։ Վերջին մեկ տարվա ընթացքում քննարկել ենք, ընդհանրապես սա քաղաքակակրթական կարևորագույն խնդիր է, երբ տեսնում ես, որ որևէ տեղ բացված է 5 հարկանի ռեստորան, որտեղ աթոռները ոսկեջրած են, բայց երբ զուգարանի դուռը բացում ներս ես մտնում, քեզ թվում է, թե աղետյալ ինչ որ շրջանում ես գտնվում»։

Վարչապետը հետաքրքրվեց, կա՞ն արդյոք ստանդարտներ, որին արձագանքեց Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար՝ Արթուր Ասոյանը․

«Այո՛, ստանդարտներ ունենք, ներկայացվող պահանջների վերաբերյալ առողջապահության նախարարի հետ մենք նախաձեռնել էինք փոփոխություններ, որպեսզի համապատասխանեցնենք ժամանակակից պահանջներին։ Եթե չեմ սխալվում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում արդեն կունենանք հաստատված նորմերը և դրանք վերջնական տեսքի բերելուց հետո կանդրադառնանք օրենսդրական փոփոխությունների կարգավորմանը և խստացումներ կնախատեսենք՝ տուգանքների չափերի մեծացում, ընդուպ մինչև գործունեության կասեցում, եթե նորմերը չպահպանվեն»,- ասաց նա։

Վարչապետը հավելեց, որ այդտեղ պետք է ստանդարտներ լինեն սպասարկման ծավալի առումով քանի սանիտարական կետ պետք է լինի․«Մենք պետք է մարդկանց ասենք, որ չի կարելի 500 հազար դոլարանոց ռեստորան կառուցել և ալարել 50 դոլար ավել ծախսել պատշաճ սանհանգույց ունենալու համար և դա իսկապես քաղաքակրթական խնդիր է»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին