Կարևոր իրադարձություններ

Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին կրկին կկալանավորեն

09 Հունվար, 2020 10:16
Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին կրկին կկալանավորեն

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ, ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանին կրկին կկալանավորեն: Դատարանը բավարարեց ՀՀ հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նորայր Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

«Ցավում եմ, որ դատական համակարգը շատ ավելի տխուր վիճակում է, քան Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք, այն պարզապես ոչնչացված է: Կամակատարային խայտառակ որոշում է կայացվել մեր պաշտպանյալին կալանավորելու, որը, իհարկե, կբողոքարկենք»,- ասաց պաշտպանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ևս մեկ դրվագով լրացրել էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը։ 

Մինչ այդ Փանոսյանին կալանավորելու որոշում էր կայացվել, սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, նոյեմբերի 6-ին որոշել էր կալանքից ազատել Նորայր Փանոսյանին, որը սեպտեմբերի 28-ից գտնվում էր կալանքի տակ:

Ըստ ՔԿ-ի տարածած հաղորդագրության՝ տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի՝ ՀՀ արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում, Նորայր Փանոսյանի՝ ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետ եղած ժամանակահատվածում և Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին