Կարևոր իրադարձություններ

Հայազգի օդաչուն կապ չունի Սոլեյմանիի սպանության հետ․ իսրայելցի քաղաքագետը կեղծիք է տարածել

09 Հունվար, 2020 09:42
Հայազգի օդաչուն կապ չունի Սոլեյմանիի սպանության հետ․ իսրայելցի քաղաքագետը կեղծիք է տարածել

Իսրայելցի քաղաքագետ-հրապարակախոս Ավիգդոր Էսկինը գրառում է կատարել, որում շնորհակալություն է հայտնել ամերիկյան ռազմաօդային ուժերի հայազգի գեներալ Ջեֆրի (Ջեֆ) Հարիգյանին՝ ԻՀՊԿ «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության օպերացիայում՝ իր դերի համար։

Քաղաքագետը մասնավորապես գրել է․ «Հատուկ շնորհակալություն ԱՄՆ ՌՕՈՒ գեներալ Ջեֆրի Հարիգյանին՝ Հայոց ցեղասպանությունից փրկվածների զավակին, Սոլեյմանիին ոչնչացնելու օպերացիայում իր ունեցած դերի համար»։

Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ  հայազգի գեներալը առնչություն չունի հիշյալ գործողությունների հետ, վերջինս դեռևս 2019 թվականի հունիսին նշանակվել էր Եվրոպայում և Աֆրիկայում ամերիկյան օդուժի հրամանատար, որը չի ներառում Մերձավոր Արևելքը։ Այլ կերպ ասած՝ խնդրո առարկա հանդիսացող տարածաշրջանը հայազգի գեներալի հրամանատարության ներքո չէ։ 

Այս համատեքստում Հայաստանի կամ հայ ժողովրդի անվան շահարկումը և կոնֆլիկտի մեջ  ներքաշման փորձը կրում է սադրիչ և վտանգավոր բնույթ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հրավիրած խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը չի ներքաշվի ո՛չ հակաիրանական, և ո՛չ էլ հակաամերիկյան գործողությունների մեջ և կոչ էր արել բարեկամ երկրներ Իրանին և ԱՄՆ-ին անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին