Կարևոր իրադարձություններ

Ֆեյքնյուզի դեմ պայքարը պետք է լինի հանրային կառավարման համակարգի բոլոր ենթահամակարգերի խնդիրը

08 Հունվար, 2020 22:55
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
Ֆեյքնյուզի դեմ պայքարը պետք է լինի հանրային կառավարման համակարգի բոլոր ենթահամակարգերի խնդիրը

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Կեղծ, մանիպուլյատիվ լրատվության կամ ֆեյքնյուզի խնդիրը ժամանակակից աշխարհի առջև ծառացած ամենալուրջ ու այս պահին դեռևս լուծումներ չունեցող հիմնախնդիրներից մեկն է: Տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումը, տեղեկատվության աննախադեպ մեծ ծավալն ու դրա ֆիլտրման անհնարինությունը մեծ հնարավորություններ են ստեղծում կեղծ լրատվության ու դրա միջոցով տեղեկատվական մանիպուլյացիաների համար:

Աշխարհի բազմաթիվ, այդ թվում՝ զարգացած ժողովրդավարություն ունեցող երկրներում վերջին տարիներին ընդունվել են ֆեյքնյուզի դեմ պայքարի օրենքներ, սակայն դրանց առկայությունն անգամ չի երաշխավորում ֆեյքնյուզի բացակայությունը:

Անցած տարի ես Ազգային ժողովում շրջանառության մեջ եմ դրել Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ, որով առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել սուտ տեղեկություններ տարածելու, սուտ տեղեկություններ տարածելու նպատակով մեկ ուրիշ անձի նյութապես շահագրգռելու, սուտ տեղեկություններ տարածելու նպատակով գույքային օգուտ ստանալու արարքների համար: Պայմանականորեն ասած՝ սա օրինագիծ է ֆեյքնյուզի դեմ պայքարի մասին, որը, հույս ունեմ, կընդունվի այս տարվա ընթացքում:

Անգամ այդ դեպքում, սակայն, գործնականում հնարավոր չէ ֆեյքնյուզի դեմ պայքարել ամբողջությամբ: Տարբեր իրավակարգավորումներով կարելի է սահմանափակել դրա ներգործության ու ազդեցության ծավալները, սակայն, ցավոք, ամբողջությամբ այն մեր կյանքից բացառելն անկարելի է: Ֆեյքնյուզը մեր կյանքի անբաժանելի մասն է, օբյեկտիվ իրականություն, որի դեմ պայքարը կարող է հաջողություն ունենալ ոչ միայն ու ոչ այնքան մեխանիկական գործիքների միջոցով, որքան բովանդակային հարթությունում:

Իրականում ֆեյքնյուզի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը պետական, հանրային, քաղաքական ու քաղաքացիական կայացած ինստիտուտների այնպիսի աշխատանքն է, որը կբարձրացնի հանրային դիմադրողականությունն այնպես ու այնքան, որ ֆեյքնյուզը կամ մանիպուլյատիվ տեղեկատվությունը չի ունենա ֆունկցիոնալ նշանակություն ու կդառնա մարգինալ կամ լուսանցքային: Նշված ինստիտուտների արդյունավետ աշխատանքը հանրության շրջանում պետք է ձևավորի այնպիսի մեխանիզմներ, ներքին արգելքներ ու ֆիլտրեր, որոնց դեպքում ֆեյքնյուզը չի կարող հանրային տրամադրություններ ստեղծել կամ ազդել հասարակական վարքագծի վրա:

Ֆեյքնյուզի դեմ պայքարը պետք է լինի հանրային կառավարման համակարգի բոլոր ենթահամակարգերի խնդիրը՝ սկսած պետական կառավարման մարմիններից մինչև քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ ու լրատվամիջոցներ: Այս բոլոր ենթահամակարգերի համակարգված ու համալիր աշխատանքի դեպքում միայն ֆեյքնյուզը չի կարող գործառութային նշանակություն ունենալ որևէ հասարակությունում: Ինչ վերաբերում է ֆեյքնյուզի դեմ պայքարի օրենքին, ապա այն ևս արդյունավետ կգործի միայն նշված՝ համակարգային աշխատանքի ու որպես դրա հետևանք՝ հանրության շրջանում տեղեկատվական իմունիտետի ձևավորման դեպքում:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին