Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված գնդապետի 12-ամյա երեխան մահացել է

08 Հունվար, 2020 15:07
Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված գնդապետի 12-ամյա երեխան մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 7-ին, հիվանդանոցում մահացել է Շիրակի մարզի բնակիչ, 12-ամյա Ղ. Միրզոյանը, որը հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 27-ին Շիրակի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով:

Բժիշկները մի քանի օր շարունակ պայքարում էին թե՛ նրա և թե՛ մյուս վիրավորների կյանքի համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր կայքը, դեկտեմբերի 27-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի՝ ժողովրդին հայտնի Անի թաղամասում՝ Մովսես Խորենացի-Մինաս Ավետիսյան փողոցների խաչմերուկում, բախվել են Գյումրիի բնակիչներ՝ 37-ամյա Սերգեյ Պետրոսյանի վարած Nissan մակնիշի 71 PՏ 701 համարանիշի և 39-ամյա Հայկ Միրզոյանի վարած Opel մակնիշի 34 QD 625 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Ս. Պետրոսյանն ու նրա ուղևոր՝ Գյումրիի բնակիչ, 32-ամյա Արփենիկ Պետրոսյանը և Opel-ի վարորդ Հ. Միրզոյանն ու նրա ուղևորներ՝ Գյումրիի բնակիչներ, 62-ամյա Անահիտ Միրզոյանը, 29-ամյա Լուսինե Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրիի բժշկական կենտրոն, իսկ Opel-ի մյուս ուղևորներ՝ 11-ամյա Ղուկաս Միրզոյանը, 8-ամյա Անահիտ Միրզոյանը, 5-ամյա Տիգրան Միրզոյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։

Դեպքի վայր էր ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրիի հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

 

Լրահոս

Դիտել ավելին