Կարևոր իրադարձություններ

Երևանի ոստիկանապետն ու կենտրոնի ոստիկանապետը Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա. կան բերման ենթարկվածներ

04 Հունվար, 2020 20:54
Երևանի ոստիկանապետն ու կենտրոնի ոստիկանապետը Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա. կան բերման ենթարկվածներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 4-ին, Երևանի ոստիկանապետ Գարիկ Ղուկասյանի, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ, տաք հետքերով բացահայտել ու հայտնաբերել են Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ալհասան Ադնան Հասան Ալ Համադիի նկատմամբ ավազակային հարձակում կատարողներին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս հայտնել էր ոստիկանության կենտրոնական բաժին, որ ժամեր առաջ Երևան քաղաքի Տիգրան Մեծի 8 հասցեի դալանում 3 հոգի կրփազենքով զինված ավազակային հարձակում են կատարել իր նկատմամբ՝ իրենից հափշտակելով իր մոտ եղած գումարը:

Մինչ տուժած՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին քննիչի մոտ կատարվածի մասին բացատրություն էր տալիս, ոստիկանները Երևան քաղաքի Մովսես Խորենացի 217/19 հասցեում «Վենեցիա» հյուրանոցային համալիրից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 20-ամյա Հովիկ Սելիմյանին, 18-ամյա Մարատ Արզումանյանին և Կոտայքի մարզի բնակիչ, 18-ամյա Վահագն Ավագյանին: Խուզարկությամբ Հ. Սելիմյանի մոտ հայտնաբերվել է կրփազենքը, իսկ վերջիններիս մոտ էլ հայտնաբերվել է իրար մեջ մաս-մաս արած հափշտակված գումարը:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Տիգրան Հակոբյանի որոշմամբ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և Հ. Սելիմյանը ձերբակալվել է, իսկ Մ. Արզումանյանն ու Վ. Ավագյանը ստորագրությամբ ազատ են արձակվել:

Աղբյուրի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը բացահայտելու և կասկածյալներին տաք հետքերով հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանական օպերացիան կրել է «Հարամ փողով Նոր տարվա սեղանիդ բդի փողը չես փակի» անվանումը:

 

Լրահոս

Դիտել ավելին