Կարևոր իրադարձություններ

Պատերազմ Թուրքիայի դեմ. գեներալ Հաֆթարը ջիհադ է հայտարարել Լիբիայում. gazeta.ru

04 Հունվար, 2020 18:15
Պատերազմ Թուրքիայի դեմ. գեներալ Հաֆթարը ջիհադ է հայտարարել Լիբիայում. gazeta.ru

Լիբիական ազգային բանակի հրամանատար, գեներալ Խալիֆա Հաֆթարը համախմբման կոչ է արել լիբիացիներին՝ «Լիբիա ուղարկված օտարերկրյա ուժերին դուրս հանելու համար»: Այս մասին գրում է gazeta.ru կայքը:

Գեներալը մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Լիբիայում և ամբողջ տարածաշրջանում օսմանյան ժառանգությունը վերականգնելու արշավ սկսելու համար: Այս ամենի դեմ պայքարելու համար Հաֆթարը կոչ է արել լիբիացիներին միավորվել, զենք վերցնել և պայքարել «այս գաղութացման դեմ»: Նա քննադատել է Անկարայի մտադրությունը՝ Տրիպոլի զորք ուղարկելու վերաբերյալ:

«Մենք կմոռանանք մեր տարաձայնությունների մասին, ջիհադ և զանգվածային համախմբում կհայտարարենք: Զենք կվերցնեն տղամարդիկ և կանայք, զինվորականներն ու քաղաքացիականները: Մենք պատրաստվում ենք ամբողջ ուժով և հավատով, որն Աստված ներդրել է մեր սրտերում, մեր հողն ու մեր պատիվը պաշտպանելու համար: Այդ իսկ պատճառով մենք մարտահրավեր ենք նետում մեր նկատմամբ խնամակալություն երազողին»,-ժողովրդին դիմել է գեներալը:

Երկու օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և ասել է իր թուրք գործընկերոջը, որ Լիբիայում արտասահմանյան միջամտությունը միայն կբարդացնի իրավիճակը:

Ավելի վաղ Էրդողանը հաստատել էր Թուրքիայի և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության միջև կնքված ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը: Թուրքական խորհրդարանում կայացած քվեարկության արդյունքում Էրդողանին Լիբիա զորք ուղարկելու մանդատ տալու օգտին քվեարկել է 323 պատգամավոր, դեմ՝ 184-ը: Դեկտեմբերի 26-ին Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը ռազմական օգնության վերաբերյալ պաշտոնական խնդրանքվ դիմել էր թուրքական կողմին:

Հաֆթարն ապրիլից սկսած հարձակումներ է կազմակերպում մայրաքաղաքի ուղղությամբ: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ գործողությունների մի քանի ամսում արդեն մահացել է 1000-ից ավելի մարդ:

Երկրում երկիշխանություն է տիրում՝ արևելքում իշխում է ընտրված խորհրդարանը, իսկ Տրիպոլիում, այսինքն՝ արևմուտքում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված կառավարությունը: Արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Լիբիական ազգային բանակի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին