Կարևոր իրադարձություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական սրբատառ կոնդակ է հանձնել Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանին

29 Դեկտեմբեր, 2019 16:33
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական սրբատառ կոնդակ է հանձնել Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանին

Դեկտեմբերի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեցինք Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանին` հանձնելու արքության պատվի Հայրապետական սրբատառ կոնդակը: Ս. թ. փետրվարի 26-ին` Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Սրբազանին շնորհվել էր արքության պատիվ` ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում բազմամյա ծառայության:

Հանդիպմանը ներկա էին Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Արմավիրի թեմի թեմական խորհրդի ատենապետ Տիգրան Հովհաննիսյանը, թեմի հոգևոր սպասավորներ, մարզային ու քաղաքային իշխանությունների և թեմի տարբեր համայնքների ներկայացուցիչներ:

«Սիրելի Սրբազան, ավելի քան երեք տասնամյակ Դուք, որպես ուխտյալ զինավորն Քրիստոսի, ամենայն պատրաստակամությամբ Ձեր կարողությունները ծառայեցնում եք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու տիրավանդ առաքելության արդյունավորմանը: Ձեր քահանայագործության առաջին քայլերը Դուք կատարել եք Արարատյան Հայրապետական թեմում, ապա երկար տարիներ արդյունավորությամբ հովվել Վառնայի հավատավոր հայ համայնքը՝ արթուն սպասավորությամբ ջանքեր ներդնելով, որպեսզի ամրանա հայորդյաց համայնքային կյանքը, զորանա մեր ժողովրդի զավակների կապը մեր Եկեղեցու հետ և նոր սերունդի հոգիներում արմատավորվի հոգևոր ու ազգային ինքնագիտակցությունը:

 

 

Մենք Ձեզ ծառայության կոչեցինք Գեղարքունյաց թեմում, ապա Ձեզ վստահեցինք Արմավիրի թեմի առաջնորդի պատասխանատու պաշտոնը՝ բարի սպասումով, որ հայրենական ու սփյուռքյան ծառության փորձառությամբ պիտի շարունակեք նոր հաջողություններով արդյունավորել Ձեր գործունեությունը և ավանդ բերել մեր Եկեղեցու պայծառությանը: Այսօր ուրախ ենք հաստատելու, որ այս տարիների ընթացքին կարելին ի սպաս եք բերել՝ շենացնելու Արմավիրի թեմը, առավել արդյունաւոր դարձնելու հոգևորականց գործունեությունը քաղաքներում ու գյուղերում` ի նպաստ մեր ժողովրդի զավակների հոգևոր կյանքի վերազարթոնքի», - ասված է կոնդակում:

 

Գարեգին Բ

 

 

Լրահոս

Դիտել ավելին