Կարևոր իրադարձություններ

Գործարար համայնքը համարում ենք կառավարության թիվ մեկ դաշնակիցը. Նիկոլ Փաշինյան

26 Դեկտեմբեր, 2019 22:25
Գործարար համայնքը համարում ենք կառավարության թիվ մեկ դաշնակիցը. Նիկոլ Փաշինյան

2019-ի արդյունքներով Հայաստանում չկա մի գործարար, ընկերություն, որը հնարավորություն կունենա պնդել, թե Հայաստանի կառավարությունն իր նկատմամբ ցուցաբերել է խտրական վերաբերմունք: Այդ մասին գործարարների պատվին տրված Ամանորյա ընդունելության ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ուզում եմ ևս մեկ անգամ ձեր առաջ արձանագրել Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքական կամքը՝ այդ ճանապարհին շարժվել առաջ, վստահ, հստակ քայլերով: Կարծում եմ, որ մի բան կարող եմ վստահաբար պնդել, որ 2019-ի արդյունքներով ՀՀ-ում չկա մի գործարար, չկա մի ընկերություն, որը հնարավորություն կունենա պնդել, թե Հայաստանի կառավարությունն իր նկատմամբ ցուցաբերել է խտրական վերաբերմունք: Եթե Հայաստանի Հանրապետությունում որևէ ընկերություն արժանացել է խտրական վերաբերմունքի՝ դա նշանակում է առնվազն մեկ բան. դա նշանակում է, որ ես և կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները դրա մասին տեղյակ չենք և այն պահին, երբ կտեղեկանանք՝ այդպիսի վերաբերմունք ցուցաբերած պաշտոնյաները կարժանան ամենախիստ պատժի»,- փոխանցում է «Արմենպրես»-ը   

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ նախկինում էլ ասել է, որ տնտեսական հեղափոխություն իրականացնողի դերում պատկերացնում է գործարար համայնքին: «Գործարար համայնքը մենք համարում ենք մեր կառավարության թիվ մեկ դաշնակիցը Հայաստանի զարգացման գործում բոլոր առումներով՝ տնտեսական զարգացման, քաղաքական զարգացման, անվտանգության զարգացման: Մենք այս տարի պարծենում ենք ՀՀ-ում աննախադեպ ծավալի ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելու համար: Եվ ուզում եմ արձանագրել, որ մենք այդ հնարավորությունն ունեցել ենք ձեր վճարած հարկերի շնորհիվ: Մենք հաջորդ տարի այդ ամբիցիաների, ինչպես նաև կապիտալ ներդրումների առումով ավելի բարձր նշաձող ենք սահմանել, չնայած այդ ոլորտում թերակատարման խնդիր ունենք, և այդ նշաձողը սահմանել ենք՝ վստահություն ունենալով ձեր վրա, վստահություն ունենալով, որ Հայաստանի գործարար համայնքը, գործարարությամբ զբաղվող մարդիկ բացառիկ տաղանդավոր են և 2020-ին նրանք վստահաբար ավելի մեծ արդյունքներ կգեներացնեն իրենց ընկերություններում՝ ավելի մեծ արդյունքներ գեներացնելով Հայաստանի և նրա ժողովրդի համար»,- ասաց վարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին