Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն արդիակացնելու է Թուրքիայում տեղակայված Ինջիրլիքի ռազմաբազան

25 Դեկտեմբեր, 2019 23:24
ԱՄՆ-ն արդիակացնելու է Թուրքիայում տեղակայված Ինջիրլիքի ռազմաբազան

Պենտագոնը հայտարարել է, որ Թուրքիայում տեղակայված ամերիկյան Ինջիրլիք ռազմաբազայում մեծամաշտաբ արդիականացման (մոդեռնիզացիա) ու վերակառուցման աշխատանքներ կսկսվեն։ ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնակայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ նշված աշխատանքների իրականացումը հանձնարարվել է 8 թուրքական ընկերությունների։

Նախատեսվում է 94 մլն դոլար ընդհանուր արժողությամբ նախագիծը ավարտին հասցնել 2024թ․ դեկտեմբերի 31-ին։ Աշխատանքները ստանձնած թուրքական ընկերությունները տեղակայված են Ստամբուլում, Ադանայում և Անկարայում։

Ուշագրավ է, որ Պենտագոնը նման հայտարարություն է արել գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ Էրդողանը Կոնգրեսում հաստատված Հայոց ցեղասպանության բանաձևի և Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման նախագծի պատճառով սպառնացել էր ամերիկյան զորքերի համար փակել Ինջիրլիք և Քյուրեջիք ռազմաբազաները։

Ermenihaber-ը նշում է, որ Ինջիրլիքի վերակառուցման և արդիականացման ծրագիրն առանձին հոդվածով տեղ էր գտել ԱՄՆ-ի 2020թ․ «Ազգային պաշտպանության թույլատրման» նախագծում։ Նախագահ Դոնալդ Թրամփը այդ փաստաթուղթը ստորագրել է դեկտեմբերի 20-ին, որից հետո այն օրենքի ուժ է ստացել։

Ադանա քաղաքից 8 կմ հեռավորության վրա գտնվող Ինջիրլիքի ռազմաբազան գործում է 1955 թվականի փետրվարի 15-ից։ Ռազմաբազան կառուցելու որոշումը կայացվել էր 1943թ., սակայն աշխատանքները սկսվեցին միայն  Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո:

Ինջիրլիքի օգտագործման իրավական խնդիրները կարգավորվում են 1980 թվականի մարտի 29-ին ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև կնքված համաձայնագրով։ Բազան շահագործվում է Թուրքիայի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի կողմից: 

 

Լրահոս

Դիտել ավելին