Կարևոր իրադարձություններ

Հաստատվեց Երևանի զարգացման 2020 թվականի ծրագիրը

25 Դեկտեմբեր, 2019 21:00
Հաստատվեց Երևանի զարգացման 2020 թվականի ծրագիրը

Երևանի ավագանին հավանություն է տվել Երևանի զարգացման 2020թ. ծրագրի հաստատման մասին որոշման նախագծին: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

Ծրագրի նպատակն է ապահովել համակարգային բարեփոխումների շարունակական ընթացքը՝ սկզբունք ունենալով օրենքի գերակայությունը:Որոշման նախագիծը ներկայացնող փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանի գործունեության, ծրագրերի մշակման և իրականացման ուղենիշ լինելու է թափանցիկության ու բնակչությանը լիարժեք հաշվետու լինելու ապահովումը, հանրային տարածքների, շրջակա միջավայրի և պատմամշակության ժառանգության պաշտպանության գերակա սկզբունքներով որոշումների կայացումը, քաղաքի մասնակցային կառավարման մշակույթի ձևավորումը և այլն:

2020թ. ծրագրի հիմնական գերակայություններն են մայրաքաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների որակի շարունակական բարելավումը, վերելակային տնտեսության արդիականացումը, տրանսպորտի համակարգի ամբողջական արդիականացման մեկնարկի ապահովումը, քաղաքի կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը, ոռոգման համակարգի արդիականացումը, քաղաքի մասնակցային կառավարման սկզբունքի ձևավորումը, ինչպես նաև առողջապահական, կրթական, մշակութային, սոցիալական, բարեկարգման ու մի շարք այլ ոլորտներում տարբեր բնույթի ծրագրերի իրականացումը: 

Ավագանին հավանություն է տվել նաև Երևանի զարգացման 2019-2023թթ.
հնգամյա ծրագրի լրամշակված տարբերակին:

Հարկ է նշել, որ մինչ ավագանու հաստատմանը ներկայացնելը, քաղաքի զարգացման տարեկան և հնգամյա ծրագրերի վերաբերյալ անցկացվել են հանրային քննարկումներ, որոնց ընթացքում բնակիչները և քաղհասարակության ներկայացուցիչներն իրենց հարցերը, դիտարկումներն ու առաջարկներն են ներկայացրել ծրագրերի վերաբերյալ:

Ավագանու անդամները մի շարք ոլորտների առումով իրենց նկատառումներն են ներկայացրել զարգացման մեկամյա և հնգամյա ծրագրերի վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին