Կարևոր իրադարձություններ

«Համատեղ նիստերի միջոցով Արցախը գործնականում մասնակից է դառնում բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքորոշման մշակմանը»

23 Դեկտեմբեր, 2019 18:32
Հեղինակ՝ Արման բաբաջանյան
«Համատեղ նիստերի միջոցով Արցախը գործնականում մասնակից է դառնում բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքորոշման մշակմանը»

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որին մասնակցել են նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի և Արցախի խորհրդարանների նախագահներ Արարատ Միրզոյանը և Աշոտ Ղուլյանը:

Նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի և Հայաստանի նախագահներ Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանը հանդես են եկել ելույթներով՝ ներկայացնելով արցախյան հակամարտության կարգավորման իրենց տեսլականներն ու մոտեցումները: Մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է արցախյան հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումը՝ կապված Մադրիդյան սկզբունքների մեկնաբանության ու միարժեք գնահատման հետ, բոլոր ելույթ ունեցողները կարևորել են նաև բանակցային գործընթացին Արցախի մասնակցության հարցը:

Անվտանգության խորհրդի նիստում հնչած ելույթներն անշուշտ կարևոր են, ինչպես որ դրանցում կատարված արձանագրումները: Սակայն թերևս շատ ավելի կարևոր է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի անցկացումն ինքնին: Սա, հիշեցնեմ, արդեն երկրորդ այս ձևաչափի միջոցառումն է. նախորդ համատեղ նիստը տեղի էր ունեցել այս տարվա մարտի 12-ին՝ Ստեփանակերտում: Հայկական երկու պետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստերը այսպիսով հավակնում են ստանալ ինստիտուցիոնալ ու կայուն նշանակություն, ինչը չափազանց կարևոր է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի և Արցախի իշխանությունների միակամության, միասնական դիրքորոշման մշակման ու իրագործման տեսանկյունից: Սա էական հանգամանք է՝ հատկապես հաշվի առնելով այն իրողությունը, որ նախորդ երկու տասնամյակների ընթացքում, նախկին իշխանության տարիներին Արցախի ղեկավարությունն ըստ էության մեկուսացված է եղել բանակցային գործընթացից և լավագույն դեպքում ընդամենը տեղեկացվել է դրա ընթացքի մասին:

Այսօր, սակայն, նաև Անվտանգության խորհուրդների համատեղ նիստերի միջոցով Արցախի իշխանությունը գործնականում մասնակից է դառնում բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքորոշման մշակմանը, ինչը կարևորագույն քայլ է բովանդակային առումով Արցախի իշխանությանը, իմա նաև՝ Արցախի ժողովրդին բանակցային գործընթացին մասնակից դարձնելու ճանապարհին: Պետք է հույս ունենալ, որ երկու հայկական պետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստերը կշարունակվեն նաև ապագայում՝ ինստիտուցիոնալ հիմք դառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում հայկական կողմի ռազմավարության և մարտավարության մշակման ու իրագործման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին