Կարևոր իրադարձություններ

Դատավոր Սամվել Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը. հայտարարվել է հետախուզում. Armtimes.com

23 Դեկտեմբեր, 2019 13:21
Դատավոր Սամվել Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը. հայտարարվել է հետախուզում. Armtimes.com

Արդեն նախկին դատավոր Սամվել Ուզունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ հետախուզում Է հայտարարվել, հայտնում է Armtimes.com-ը:

Այս մասին ՀԺ-ին ասել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Վերջինս տեղեկացրել է, որ ԲԴԽ կողմից ՀՀ դատախազության ներկայացրած միջնորդությունների բավարարումից անմիջապես հետո՝ դեկտեմբերի 20-ի երեկոյան, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ Ուզունյանը գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և որոշումն ուղարկվել է ՀՀ ՀՔԾ՝ նրան մեղադրանք առաջադրելու և խափանման միջոցի ընտրության հարցը լուծելու նպատակով:

Այնուհետև դատարանը բավարարել է Ուզունյանին կալանավորելու միջնորդությունը:

«Ոստիկանությանը հանձնարարվել է նրան ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին: Սակայն տվյալներ են ստացվել, որ միջնորդությունների ներկայացման և քննարկման ժամանակահատվածում Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը, և որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Դատախազության հանձնարարությամբ միջոցներ են ձեռնարկվում Ուզունյանի՝ ՀՀ տարածքը լքելու հանգամանքները պարզելու և բավարար հիմքերի առկայության դեպքում քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասել է Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) համաձայնություն է տվել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն:

Քրեական գործն առնչվում է այն ժամանակահատվածին, երբ Ուզունյանը ղեկավարել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը: Մասնավորապես, ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Սամվել Ուզունյանը տարբեր ժամանակահատվածներում ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ մի դեպքում 13.000 ԱՄն դոլարին, մյուս դեպքում՝ 38.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի կաշառք:

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Ուզունյանի ուղեբեռի մեջ օդանավակայանում հայտնաբերվել է փամփուշտ: 

65-ամյա Ուզունյանը «Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավորն է:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին